16:50 | 17.05.18 | Նորություններ | 16114

Երեւանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

Beeline-ը Երեւանում բացել է ստարտափ ինկուբատոր։

Բացման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում, որտեղ եւ գործելու է ինկուբատորը։

Beeline Ստարտափ Ինկուբատորի գլխավոր նպատակն է օգնել հայկական ստարտափներին առաջին քայլերն անել շուկայում։

«Beeline-ն այսօր շահագրգռված է Հայաստանում ստարտափների զարգացման համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ։ Մենք կարծում ենք, որ դրա համար առավել արդյունավետ միջոցը սեփական ստարտափ ինկուբատորն է, որտեղ մենք կկարողանանք հայկական ստարտափներին բազմակողմանի աջակցություն տրամադրել։ Այսօրվանից մեր ինկուբատորի ռեզիդենտների տրամադրության տակ կլինի քաղաքի կենտրոնում գտնվող գեղեցիկ եւ ժամանակակից գրասենյակից օգտվելու, ինչպես նաեւ տեղացի եւ միջազգային մասնագետների ղեկավարության տակ սովորելու եւ աշխատելու հնարավորություն։ Վստահ եմ, որ դա անկասկած կնպաստի երկրում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը»,- նշել է Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր մեկնարկում է Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ինկուբացիոն ցիկլը։ Բազմաթիվ դիմորդներից ընտրվել են լավագույն 10 ստարտափները, որոնք հաջորդ 16 շաբաթվա ընթացքում ինտենսիվ աճ կունենան, եւ ցիկլի ավարտին կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին։ Այսօր Beeline Ստարտափ Ինկուբատորով մենք նոր էջ ենք բացում Հայաստանի նորարարական ձեռնարկատիրության գործում»,- նշեց Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար Գեւորգ Պողոսյանը։

Այսօրվանից Beeline Ստարտափ Ինկուբատորում աշխատելու են 10 ստարտափներ, որոնք ընտրվել են ընկերության կողմից բաց մրցույթի ընթացքում։ Յուրաքանչյուր ստարտափ կկարողանա 4 ամսվա ընթացքում օգտվել ինկուբատորի ծառայություններից եւ փորձագետների խորհուրդներից։