SmartGateVC միկրո վենչուրային հիմնադրամը հայտարարել է իր առաջին երկու ներդրումների մասին՝ XCloud Networks եւ 2Hz հայկական ստարտափներում:
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել են SmartGateVC-ում:
Ներդրման չափը չի հրապարակվում:
2Hz-ը մշակել է ձայնի բարելավման տեխնոլոգիա, որն իրական ժամանակում աղմուկը հեռացնում է խոսակցությունից: Ստարտափի հատուկ մշակած խոր նեյրոնային ցանցը կարողանում է աղմուկը տարանջատել ձայնից եւ այն վերացնել՝ առանց ազդելու մարդկային ձայնի վրա: Ընկերությունն այսօր Berkeley SkyDeck Accelerator-ի մասն է կազմում:
2Hz ստարտափի թիմը
photo © SmartGateVC
«Ոգեւորիչ է տեսնել այսքան տաղանդավոր մարդկանց մեկ թիմում, եւ հիանալի է այն փաստը, որ այդ մարդկանց դու արդեն տեւական ժամանակ է՝ ճանաչում ես: Մենք ուրախ ենք համագործակցել այս թիմի հետ»,- ասել է SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը:
«Նախասաղմնային այս ներդրումը կօգնի մեր ստարտափին բարելավել արհեստական բանականության վրա հիմնված հեղափոխական տեխնոլոգիան եւ աշխատել վաղ շրջանի պիլոտային գործընկերների հետ՝ ապացուցելու, որ լուծումը կիրառելի է իրական կյանքում: Մենք հիանում ենք SmartGateVC-ի գործունեությամբ եւ ոգեւորված ենք անցնել այս ճանապարհը այդ թիմի հետ»,- նշել է 2Hz-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը:
XCloud Networks-ը ստեղծում է լուծումներ՝ հեռահաղորդակցության եւ տվյալների կենտրոնների ցանցային ենթակառուցվածքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Դրանք արդեն իսկ կարողացել են կրճատել սպասարկող ցանցային ինժեներների կողմից տրամադրվող ժամանակը մոտ 100 անգամ, նվազեցնել կապիտալ ծախսերը մինչեւ 20 անգամ, իսկ օպերացիոն ծախսերը՝ մինչեւ 5 անգամ։ Ունենալով վաղ փուլի օգտագործողներ Եվրոպայում՝ ստարտափը ներկայում աշխատում է ամերիկյան շուկա մուտք գործելու ուղղությամբ:
«Մենք XCloud Networks-ի թիմի հետ աշխատում ենք անցած ապրիլից եւ ուրախ ենք այս համագործակցության առթիվ: Իսկապես հավատում ենք թիմի ներուժին»,- ասել է SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը:
«Մենք հաստատել ենք մեր տեխնոլոիգական մոտեցումը Եվրոպայում գտնվող նորարար օգտագործողների միջոցով, բայց դեռ շատ անելիքներ կան, որպեսզի առաջարկենք 10 անգամ ավելի լավ պրոդուկտ: Ներկայիս նախասաղմնային ներդրումային փուլը, ինչպես նաեւ SmartGateVC-ից ստացած գիտելիքները կարեւոր բաղադրիչներ են՝ այս բարդ քայլի իրականացման ուղղությամբ»,- տեղեկացրել է XCloud Networks-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Սարոյանը:
«XCloud Networks-ը բարձր մակարդակի ոլորտի փորձի եւ ձեռներեցական խոր մտածողության համադրություն է»,- հավելել է SmartGateVC հիմնադիր խորհրդատու Վազգեն Հակոբջանյանը:
$3 մլն թիրախային կապիտալով SmartGateVC հիմնադրամը մինչեւ $100 հազ. ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում: Հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, անվտանգությունը եւ իրերի ինտերնետը: Հիմնադրամը փետրվարի վերջին հայտարարեց, որ ներդրում է ստացել ամերիկացի վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերից, որը Skype, Baidu, Hotmail եւ Tesla ընկերություններում առաջին ներդրողներից է: Երևանում ֆոնդը գործում է Hero House քովորքինգ տարածքում: