12:51 | 05.03.18 | Նորություններ | 20212

ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել Յուքոմի դեմ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է հարուցել «Յուքոմ» ընկերության հանդեպ:  

Հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարվել է ուսումնասիրություն՝ հեռուստատեսային գովազդի շուկայում:

Արդյունքում պարզվել է, որ Յուքոմ-ը գովազդում է «Հեղափոխական առաջարկ» անվանումով  իր նոր ծառայությունը, որով ֆիքսված կապի իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շարժական հեռախոսակապի «Ունիվերսալ» ծառայությունից:

«Թվարկելով փաթեթին միանալու մի շարք պայմաններ, ընկերությունը սպառողներին որեւէ կերպ չի տեղեկացնում էական պայմաններից մեկի մասին. այն է՝ վերոնշյալ ծառայությունից կարելի է օգտվել միայն փաթեթին 2 տարով բաժանորդագրվելու դեպքում:  Բացի այդ, գովազդում ցուցադրվում է մի խումբ անձանց կողմից պաստառների միջոցով «ցույցի» անցկացման գործընթաց, որի ընթացքում ցուցադրված կանաչ գույնի պաստառներից մեկի վրա սպիտակ տառերով նշված է «ԿԱՆԱՉԻՆ` ԱՅՈ, ՄՆԱՑԱԾԻՆ` ՉԱՅՈ» արտահայտությունը», - ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ:

ՀՀ Մրցակցային մարմնի գնահատմամբ, գովազդի ընթացքում ցուցադրված գրությունը, ինչպես նաեւ ծառայության էական պայմանների մասին ոչ ամբողջական տեղեկատվությունը  կարող է ստեղծել տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ հասարակության մոլորեցման, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտի համբավի վնասման հնարավորություն:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակում կքննի «Յուքոմ» ընկերության կողմից օրենքի հնարավոր խախտման, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսեւորման հարցը: