17:21 | 19.09.17 | Նորություններ | 16970

    Beeline-ն ամփոփել է «3-րդ սերունդ» ծրագրի արդյունքները

    Այսօր Beeline-ում ամփոփվել են «3-րդ սերունդ» ստաժավորման հերթական՝ 9-րդ ծրագրի արդյունքները:  

    Ծրագրի շրջանակում 17 ուսանողներ 11 ամիս վճարովի ստաժավորում են անցնում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների, Մարքեթինգի, Իրավաբանական եւ այլ բաժիններում։ Ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողները մշտական աշխատանքի կհրավիրվեն Beeline-ում:

    «Ինձ միշտ շատ ուրախացնում է, երբ մեզ մոտ երիտասարդներ են գալիս: Հաճելի է տեսնել, որ նրանց հետաքրքիր է աշխատել մեր ընկերությունում: Դուք էլ ձեր հերթին անմիջապես «մարտի դաշտում» տեսնում եք, թե ինչպես է աշխատում մեծ կորպորացիան: Ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ եւ բարձր թռիչք ապագայում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

    «Կարծում եմ, այս ստաժավորման ընթացքում դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, թե ինչպիսին է աշխատանքը Beeline-ում, ինչպես են ստեղծվում մեր ծառայությունները, ինպես է կառուցվում համագործակցությունը մեզ մոտ: Հուսով եմ, ծրագրի ավարտին դուք բոլորդ կդառնաք մեր ընկերության աշխատակիցները, կորդեգրեք մեր ընկերության արժեքները, եւ մենք միասին կդարձնենք մեր ծառայությունները ավելի պարզ եւ հարմար մեր բաժանորդների համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:

    «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008-ին: Կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝ սկսած 3-րդ կուրսից:

    Հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչեւ մայիս: