17:55 | 31.07.17 | Նորություններ | 36352

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կայացել է «Բիզնես առաջադրանք» մրցույթը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ եւ «Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ չորրորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը:

Համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի եւ կրթության միջեւ երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը խթանելն է:

Մինչեւ մրցույթի մեկնարկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես ներկայացրել էին նախատեսվող առաջադրանքը.  ուսումնասիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքը, «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանները եւ պատրաստել բաժանորդների համար առավել գրավիչ պայմաններ ու լուծումներ ենթադրող առաջարկություններ:

«Բիզնեսը գործում է ոչ միայն գրված օրենքներով: Կան նաեւ էթիկայի եւ պատասխանատվության տեսանկյունից կարեւոր՝ չգրված օրենքներ: Շահում է այն բիզնեսը, որը հաշվի է առնում երկուսը՝ հավասարապես: Առաջադրանքը, որն այսօր ներկայացված է ձեզ, պահանջում է ներկայացնել այնպիսի լուծում, որն ունենա մրցակցային առավելություն, հիմքում հաշվարկված լինի սպառողի հարմարավետությունը եւ համապատասխանի մեր ընկերության արժեհամակարգին: Ծրագիրը կարեւոր հարթակ է նաեւ մասնակից թիմերի համար՝ արագ կողմնորոշվելու եւ բիզնես կառավարման նրբություններին ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնականում տիրապետելու համար: Ողջունում եմ բոլորիդ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք եւ հաղթանակ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 13 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվել են BLU Vivo 5 Mini սմարթֆոններով: