07:24 | 01.06.16 | Հոդվածներ | exclusive 9939

#ՏեխնոՄայիսը՝ Ալ Եսայանի հետ

Itel.am-ը շարունակում է #ՏեխնոԱմիս շարքը. ամեն անցնող ամսվա ավարտին ՏՏ ոլորտի որեւէ հայ ներկայացուցիչ ամփոփում է ամիսը՝ խոսելով հայաստանյան, միջազգային տեխնո ձեռքբերումների, ինչպես նաեւ սեփական ընկերության հաջողությունների մասին:

Տեխնոլոգիական մայիսն ամփոփում ենք ԱՄՆ-ում գործող IntelinAir ընկերության հիմնադիր, գործարար Ալ Եսայանի հետ, որն օրերս այցելել էր Հայաստան:

#ՏեխնոՄայիսը՝ հայկական ՏՏ-ի համար

Տեղյակ եմ, որ այս ամիս հայկական մի շարք ՏՏ ընկերություններ ներդրումներ են ստացել, կարծում եմ` այդ մասին կհայտարարվի շուտով: 

Ես ապրում եմ 2 քաղաքում՝ Սան Ֆրանցիսկոյում եւ Լոս Անջելեսում: Գիտե՞ք՝ գրեթե ամեն շաբաթ Սիլիկոնյան հովիտը ՏՏ ոլորտի այցելու է ունենում Հայաստանից: Սրա անհրաժեշտության մասին մենք տարիներ շարունակ կրկնում էինք, որ կարեւոր չէ, թե քանի մարդ Սիլիկոնյան հովտից կգա Հայաստան եւ կփորձի որեւէ բան սովորեցնել՝ ստարտափ սկսելու եւ զարգացնելու մասով: Ավելի լավ է ինքդ մեկ անգամ գոնե մեկ շաբաթով լինես այնտեղ եւ զգաս այդ ամենը: Սա կբացի աչքերդ եւ կտեսնես, թե իրականում ինչպես է աշխատում Սիլիկոնյան հովտի մեխանիզմը:


Ալ Եսայանը դասախոսություն է կարդում Impact Hub Yerevan-ում

Չեմ նշի հատուկ իրադարձություններ, որոնք այս ամիս են տեղի ունեցել: Ցանկանում եմ ավելի շատ խոսել Սիլիկոնյան հովտի առանձնահատկությունների մասին:

Սիլիկոնյան հովիտն ամեն ինչի էպիկենտրոնն է՝ եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ապա անհրաժեշտ է այնտեղ լինել:

Ինձ համար վերջին ամիսների ամենակարեւոր նորությունն այն էր, որ Wakie-ն ընդգրկվեց Y Combinator-ի աքսելերացիոն ծրագրում:

Ցանկանում եմ նշել, որ հայ ձեռներեցները գնալով ավելի խելացի են դառնում: Սիլիկոնյան հովտում աղմուկը շատ է՝ հանդիպումներ, հայտարարություններ, մրցույթներ, սա երբեմն խանգարում է կենտրոնանալ քո պրոդուկտի մշակման վրա, հատկապես, եթե գտնվում ես դրա նախնական փուլում: Հայաստանում պրոդուկտ զարգացնելն օգնում է, որ կենտրոնանաս դրա վրա, այս առումով Հայաստանն ունի առավելություն:  

Կարծում եմ, եթե ցանկանում ես դուրս գալ արտաքին շուկաներ, մինչ այդ քեզ առնվազն պետք է մեկ տարի՝ Հայաստանում հիմնավորվելու, ինչ-որ բան ստեղծելու, որոշակի ֆինանսական միջոցներ ներգրավելու համար: Հայաստանում կայանալուց հետո խորհուրդ կտամ փորձել, օրինակ, Իսրայելի շուկան: Հաճախ եմ կրկնում, որ Սիլիկոնյան հովտում կարելի է փորձել հաստատվել ցանկացած պահի, սակայն թող դա լինի այն պահին, երբ դու լիովին պատրաստ ես դրան:

Ի դեպ, պետք է նաեւ պատրաստ լինել, որ Սան Ֆրանցիսկոյում եւ դրա մերձակայքում ապրելու գները շատ բարձր են:

Ամերիկյան շուկան ամենահեշտերից մեկն է այնտեղ մուտք գործելու առումով, սակայն միաժամանակ ամենադժվարներից մեկը՝ զարգանալու եւ դիրքերը պահպանելու առումով:
 
Նոր շուկաներից կառանձնացնեմ Իրանը, այն մոտ է Հայաստանին եւ տեխնոլոգիական հիանալի ավանդույթներ ունի:

Հայկական ստարտափները պետք է սովորեն արտադրանք ստեղծել յուրահատուկ շուկաների համար: Հենց սկզբից եղեք սպեցիֆիկ, հասկացեք ինչ պրոդուկտ եք պատրաստում: Եթե ասում են, որ, օրինակ, Wearable տեխնոլոգիաները հիմա թրենդային են, ապա պարտադիր չէ, որ դուք էլ սկսեք նույնն անել, այն դեպքում, եթե դուք ունեք դրա հետ կապ չունեցող, սակայն ավելի լավ գաղափար:

#ՏեխնոՄայիսը՝ աշխարհում

Էլոն Մասկի Hyperloop-ն այս ամիս խոշոր վենչուրային ներդրում ստացավ՝ $80 մլն: Սա մայիսի ամենակարեւոր նորություններից էր:



Ընկերությունը նաեւ հայտարարեց, որ փոխում է իր անունը եւ կոչվելու է Hyperloop One: Սա հայեցակարգային բարձր արագության տրանսպորտային համակարգ է: Առաջին թեստավորումն այս ամիս կայացավ Նեւադայում: 
 
#ՏեխնոՄայիսը՝ Ալ Եսայանի համար

Անցնող ամիս սկսեցի երկու գիրք կարդալ: Առաջին գրքի՝ «Սպրինտ»-ի հեղինակները Google Ventures-ի 3 գործընկերներն են: Գիրքը պատմում է զարմանալի գաղափարների մասին, այն, որ մեծ մարտահարվերներ լուծելը պահանջում է շատ ավելի քիչ ժամանակ, այն, որ անհատները շատ ավելի լավ լուծումներ են մշակում, քան թիմերը, եւ որ կարող ես մեկ շաբաթում թեստավորել ցանկացած բան՝ ստանալով ռեալ պատկեր:

«Սպրինտ»-ը ներկայացնում է ԱՄՆ-ի ամենահաջողակ ստարտափների կուլիսային պատմությունները, թե ինչպես են նրանք կարճ ժամանակում լուծել շատ բարդ հարցեր:

Երկրորդ գիրքն է «Thinking fast and slow»: Հեղինակը Դանիել Կանեմանն է, որը տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր է: Գրքում խոսվում է այն մասին, թե որ դեպքերում կարելի է վստահել սեփական ինտուիցիաներին:

Ներկայում աշխատում եմ իմ սեփական ստարտափի զարգացման ուղղությամբ, որը կապ ունի արհեստական բանականության եւ պատկերների վերլուծության հետ: Դեռ շատ փակագծեր բացել չեմ կարող:

Հ.Գ.Մայիսին կայացած եւս մի քանի իրադարձություն, որոնց մասին ցանկանում ենք հիշեցնել:

- Մայիսի 25-26-ը Սիլիկոնյան հովտում կայացավ Silicon Valley Open Doors (SVOD) տեխնոլոգիական ներդրումների կոնֆերանսը, որի շրջանակում փիչինգի հնարավորություն ստացավ հայկական Treescale-ը:

-Անցնող ամիս իր 5-ամյակը նշեց ՄԻԿ Հայաստանը:

-Հայաստանում առաջին անգամ անցկացվեց տվյալների կառավարման գիտության (Big Data Science) Armenia BigData մրցույթ-հաքաթոնը

-Հայկական Immersive Education Solutions նախագիծն անցավ Տեխնոլոգիայի եւ գիտության միջոցով համաշխարհային նորարարության (GIST) Tech-I մրցույթի եզրափակիչ փուլ՝ ստանալով Սիլիկոնյան հովտում ներկայանալու հնարավորություն

- «Ստարտափ Արմենիա» կազմակերպությունը գործարկեց Հայկական տեխնո համայնքի օնլայն քարտեզը:

- Հայ-բրիտանական WICASTR Limited ընկերությունը եվրոպական 12 ստարտափների թվում ընտրվեց մասնակցելու Intel-ի, Deutsches Telekom-ի եւ Cisco-ի համատեղ Challenge Up! IoT աքսելերացիոն ծրագրին: 

Նարինե Դանեղյան