Ամերիկահայ գործարար եւ ներդրող, IntelinAir ընկերության հիմնադիր Ալ Եսայանը
11:44 | 31.05.16 | Հոդվածներ | exclusive 13415
Ամերիկահայ գործարար եւ ներդրող, IntelinAir ընկերության հիմնադիր Ալ Եսայանը Itel.am-ի հետ զրույցում առանձնացրել է հայկական ամենաթեժ ստարտափների թոփ 5-յակը:
- PicsArt. ընկերության համանուն մոբայլ հավելվածը, որը նախատեսված է լուսանկարների խմբագրման համար, ապրիլին $20 մլն ներգրավեց DCM Ventures եւ Siguler Guff & Company ընկերություններից:
PicsArt-ը ներգրավված միջոցները կուղղի Չինաստանի եւ Ճապոնիայի շուկաներում ստարտափի զարգացմանը:
250 մլն ներբեռնում եւ 65 մլն ամսական ակտիվ օգտատեր ունեցող PicsArt-ը Forbes-ի կողմից ճանաչվել էր Սիլիկոնյան հովտի 2015թ. ամենաթեժ 50 ստարտափներից մեկը (2015 Forbes Hottest Startups)՝ Forbes-ի կողմից գնահատվելով $250 մլն:
- Teamable. մարդկային ռեսուրսների կառավարումը դյուրացնող Teamable հայկական ընկերությունը ծրագրային ապահովում է տրամադրում ամերիկյան շուրջ 20 տասնյակ ընկերությունների, որոնց թվում են Uber-ը, Lyft-ը, Oracle-ը:
Teamable-ի ծրագրային ապահովումներն օգնում են ընկերություններին որակյալ թիմ կազմել եւ կառավարել արդեն առկա մարդկային ռեսուրսները: Teamable-ի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
- Codefights. ստարտափը հնարավորություն է տալիս խաղալով մրցակիցների հետ՝ բարելավել կոդ գրելու հմտությունները: Ստարտափի օնլայն համայնքում մրցում է ավելի քան 300 հազ. ծրագրավորող:
Անցած տարի ստրատափը ստացել է $2.4 մլն ֆինանսավորում հետագա զարգացման համար: Այն Granatus Ventures-ի եւ Hive-ի կողմից ֆինանսավորում ստացած ընկերություններից է:
- Joomag. ընկերությունը մշակել է առաջին ինովացիոն հարթակը՝ թվայնացված ինտերակտիվ ամսագրեր, բրոշյուրներ, կատալոգներ ստեղծելու համար: Հարթակն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 300 հազ. հրատարակիչ: Joomag-ի հաճախորդների թվում են Huffington Post-ը, Vogue-ը, Cosmopolitan-ը, Bazaar-ը եւ այլն:
Joomag-ը ստեղծվել է 2009թ.: Գլխամասը Սիլիկոնյան հովտում է, եւս մեկ գրասենյակ գործում է Սանտա Մոնիկայում: 2015թ. սկզբին սկսել են գործել ընկերության գրասենյակները Մյունխենում եւ Մոսկվայում: Joomag-ի երեւանյան գրասենյակը հիմնվել է 2013թ.: Joomag-ի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
- gg. ընկերությունն իր Android եւ IOS համակարգերով աշխատող հավելվածի, կայքի միջոցով ավտոմեքենա պատվիրելու համակարգ է, որը լուծում է քաղաքի բոլոր հատվածներում մատչելի ֆիքսված սակագներով ավտոմեքենա պատվիրելու խնդիրը:
Ընկերությունը հիմնադրվել է 2014թ. սկզբին: gg մեքենաները հասանելի են ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մյուս քաղաքներում՝ Վանաձոր, Գյումրի, Էջմիածին, Աշտարակ: 2016թ. սկզբին ընկերությունը մուտք գործեց Վրաստան:
Նարինե Դանեղյան