Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
15:40 | 17.11.15 | Նորություններ | 4057
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացնում են «Կուբիզմի ներածություն» նոր կրթական ծրագիրը։
Ծրագիրն իրականացվում է կենտրոնում գործող «Լիբենսկի Բրիխտովա. Հայաստանի համար» մշտական ցուցահանդեսի շրջանակում:
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլում ծրագրի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործություններին, դեղարվեստական ապակեգործությանն ու գրաֆիկային՝ ԳԱԿ-ի Սասունցի Դավիթ սրահում ներկայացված «Լիբենսկի Բրիխտովա. Հայաստանի համար» ցուցադրության միջոցով, որից հետո մասնակիցներին ներկայացվում է «Կուբիզմ» արվեստի ուղղությունը: Ծրագրի վերջին ստեղծագործական փուլում երեխաները ստեղծում են իրենց կուբիստական աշխատանքները:
Մինչ այսօր իրականացվել է «Կուբիզմի ներածություն» ծրագրի շուրջ 33 պարապմունք, որին մասնակցել է շուրջ 548 երեխա։
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների եւ նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Ուրախ ենք, որ հաղորդակցվելով արվեստի պատմությանը, բացահայտելով նորանոր արվեստի ուղություններ, նրանք հարստացնում են իրենց գիտելիքները եւ իրենց իսկ ստեղծած աշխատանքներով արտահայտում են իրենց հույզերն ու մտքերը։ Իսկ երիտասարդների եւ երեխաների նմանատիպ այցելությունները թանգարան, նպաստում են պատանիների էսթետիկ դաստիարակության բարձրացմանը՝ խթանելով նրանց ներաշխարհի յուրովի բացահայտումը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը եւ Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011-ից: