17:36 | 04.11.15 | Նորություններ | 3997
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2011-ից իրականացնում է «Կրթական հիմնադրամ» նախագիծը, որի շահառու են դարձել տարբեր բուհերում լավ առաջադիմությամբ սովորող՝ հատուկ կարիքներով, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող ուսանողները:
Թիրախային այս խմբին աջակցելու նպատակով ընկերությունը մինչեւ օրս հատկացրել է շուրջ 600 մլն դրամ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ ավելի քան 700 շահառու լիարժեք ներառվել է կրթության գործընթացում: Նրանցից 53-ը ծրագրից օգտվել է չորս տարի շարունակ եւ ավարտել է բուհը՝ստանալով բակալավրի աստիճան:
«Կրթությանն աջակցությունը կարեւոր եւ պատասխանատու մոտեցում է: Այստեղ ներդրումներ իրականացնողներից պահանջվում է համբերություն՝ արդյունքը տեսնելու եւ գնահատելու համար: Հոգատարությունը կորպորատիվ մշակույթ է: Երկարաժամկետ այս ծրագրով մենք ձգտել ենք խրախուսել կրթվելու ցանկությունը եւ այսօր արդեն ունենք արդյունք: Խելացի մասնագետների առկայությունը թույլ կտա զարգացնել երկրի տնտեսությունը եւ լինել մրցունակ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: