Վերոնիկա Զոնաբենդը, Ռուբեն Վարդանյանն ու Սերգեյ Կալուգինը
17:31 | 10.03.15 | Նորություններ | 6529
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն օրերս շնորհակալագիր է հանձնել «Ռոստելեկոմ» խմբի նախագահ Սերգեյ Կալուգինին՝ UWC քոլեջին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
«Ռոստելեկոմի» եւ IdeA-ի համագործակցության սկիզբը դրվել է 2014թ., երբ ընկերությունն անհատույց կերպով տվյալների փոխանցման օպտիկական գերարագ ցանց է կառուցել քոլեջի տարածքում:
Հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման հարցում աջակցությունն իրականացվում է «Ռոստելեկոմի» եւ Դիլիջանի քոլեջի համագործակացության ծրագրի շրջանակում: Տեխնիկական աջակցության շնորհիվ՝ քոլեջի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում հաջողությամբ յուրացնել International Baccalaureate (IB Diploma, միջազգային բակալավրիատ) երկամյա նախաբուհական ծրագիրը՝ օգտագործելով ամենաառաջատար կրթական տեխնոլոգիաները:
««Ռոստելեկոմն» աջակցություն է ցուցաբերում Հայաստանում իրականացվող գիտակրթական ծրագրերին՝ ներդնելով բարձր տեխնոլոգիական եւ նորարարական լուծումներ: Մենք ուրախ ենք, որ մեր օգնությամբ UWC Դիլիջան քոլեջի ուսանողներն ու աշխատակազմը կարող են օգտվել կրթական ոլորտի նորագույն տեխնոլոգիաներից»,- ասել է «Ռոստելեկոմ» խմբին պատկանող ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
««Ռոստելեկոմի» աջակցությունը մեզ համար շատ կարեւոր է: Խնայված միջոցների շնորհիվ մենք կարող ենք դրամաշնորհներ տրամադրել շատ արժանի թեկնածուների՝ անկախ նրանց ընտանիքների ֆինանսական վիճակից: Ըստ էության, սա ներդրում է այսօրվա դրությամբ բացառիկ կրթության զարգացման գործում, որը ոչ միայն գերազանց գիտելիքներ է տալիս տարբեր գիտական առարկաների մասով, այլ փոխում է անհատին, երիտասարդներին դարձնում սոցիալապես պատասխանատու, պատրաստ միասին աշխատելու հանուն խաղաղ եւ կայուն ապագայի»,- ասել է IDeA-ի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը: