15:16 | 10.03.14 | Նորություններ | 3198
Ամեն օր բոլորս ստանում ենք բավականին մեծ թվով գովազդային SMS-հաղորդագրություններ` չնայած երբեւէ չենք բաժանորդագրվել դրանց:
Մեդիամաքս-ը դիմել է կապի օպերատորներին, խնդրելով պարզաբանել թե ինչպե՞ս են իրենք պայքարում անցանկալի SMS հաղորդագրությունների դեմ:
«Մեր բաժանորդների իրավունքն է ստանալ տեղեկատվական բնույթի SMS հաղորդագրություններ նախընտրելի մատակարարներից: Օրինակ՝ տարբեր խանութներից զեղչերի, նոր տեսականու վերաբերյալ, կամ մի շարք
VAS-ծառայությունների եւ այլ բովանդակությամբ: Մեր պարտավորությունն է, սակայն, բաժանորդին պաշտպանել հետաքրքրություն չներկայացնող, անցանկալի զանգվածային SMS-հաղորդագրություններից», - Մեդիամաքս-ի հարցմանն ի պատասխան ասել է Orange Արմենիա-ի կորպորատիվ հարցերի եւ հանրային կապերի համակարգող Գայանե Իգիթյանը:
Նա նշել է, որ երբ բաժանորդներն իրենց հեռախոսահամարները տրամադրում են մեկ կամ մի քանի մատակարարներին (առեւտրի կենտրոններ, սպասարկման հիմնարկներ), ապա պետք է գիտակցեն, որ այդ համարները հետագայում կարող են ներառվել հատուկ ցանկերում, որոնք օգտագործվում են զանգվածային SMS-հաղորդագրություններ ուղարկող ընկերությունների կողմից, որոնց դեմ Orange-ը շարունակաբար պայքարում է:
Գայանե Իգիթյանի խոսքով, Orange-ն իր կողմից «լիովին երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների անվտանգությունը եւ այն, որ դրանք երբեք ոչ իրավասու մարմիններին կամ անձանց համար հասանելի չեն»:
Անվտանգության նպատակներից ելնելով, Orange-ի անվտանգության բաժինը մշակել եւ կիրառության մեջ է դրել անվտանգության համալիր ընթացակարգը, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանվածությունը երաշխավորելու համար եւ շարունակաբար վերահսկում է սահմանված անվտանգության կանոնների պահպանումը:
Մեդիամաքս-ի հարցին, թե ինչ քայլեր են նախաձեռնվում «SMS-սփամ»-ի դեմ պայքարելու համար, ընկերության ներկայացուցիչը պատասխանել է, որ Orange-ը իրականացրել է մի շարք միջոցառումներ իր բաժանորդներին դրանցից պաշտպանելու համար` մասնավորապես, շարունակաբար արգելափակելում է անծանոթ SMS-կենտրոնները:
Գայանե Իգիթյանը հավելել է, որ իր կողմից բաժանորդներին ուղարկվող SMS հաղորդագրությունների քանակն Orange-ը հասցրել է նվազագույնի:
«Ցանկության դեպքում մեր բաժանորդները կարող են ընդհանրապես հրաժարվել այդպիսի տեղեկատվական SMS-հաղորդագրություններ ստանալուց», - ասել է Գայանե Իգիթյանը: