Արթուր Զապրոսյանը
13:03 | 04.03.14 | Նորություններ | 4870
Microsoft-ի ՏՏ ակադեմիայում մեկ տարվա ընթացքում ուսում են ստացել շուրջ 500 ուսանողներ:
Այս մասին Մեդիամաքս-ին ասել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանը: Microsoft-ի ՏՏ ակադեմիան այդ կենտրոնի մի մասն է կազմում:
Նրա խոսքով, սովորողների հիմնական մասն են կազմում ՀՊՃՀ-ի ուսանողները: Գիտելիքներ ստանալու համար դիմում են նաեւ Երեւանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանից եւ Եվրոպական ակադեմիայից:
Ակադեմիայում ստացած գիտելիքների շնորհիվ 25 շրջանավարտ աշխատանքի է տեղավորվել, եւս 30 ուսանող ՏՏ որակավորման սերտիֆիկատներ է ստացել:
«Պոլիտեխնիկի ղեկավարության եւ Microsoft ընկերության հայաստանյան ներկայացչության ղեկավարության հավաստմամբ, ակադեմիան հաջողված նախագիծ է»,- ասել է Արթուր Զապրոսյանը՝ հավելելով, որ Ակադեմիայի ուսանողների ծնողները նույնպես դրական կարծիք են արտահայտում նախագծի վերաբերյալ:
Microsoft-ի ցանկացած ծրագրի համար ուսանողը պետք է 20 հազար դրամ վճարի: Դասընթացները տեւում են 1,5 ժամ, շաբաթական երկու օր: Պոլիտեխնիկի ուսանողների եւ դասախոսների համար գործում է 50 տոկոս զեղչ: Դասընթացները սկսվում են բուհում դասերի ավարտից հետո:
«Բազմաթիվ արտասահմանյան տեխնիկական բուհերում գործում են նմանատիպ կենտրոններ: Բուհական կրթությունը հետ է ընկնում նորարարություններից: Օրինակ, լույս է տեսնում ՏՏ ոլորտի նոր արտադրանք, դասախոսը պետք է, առաջին հերթին, ծանոթանա այդ ծրագրին, դասընթաց մշակի ուսանողների համար, հետո ներկայացնի բուհի ղեկավարության եւ նախարարության հաստատմանը: Մինչ այդ ամենը տեղի է ունենում, արտադրանքը կորցնում է իր նորարարությունը: Ակադեմիայի նպատակն է լրացնել ֆունդամենտալ կրթության եւ նորարար տեխնոլոգիաների ի հայտ գալու միջեւ բացը»,- ասել է կենտրոնի տնօրենը:
Բացի ՏՏ ոլորտի համար ապագա կադրերի պատրաստումը, Ակադեմիան վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում այնպիսի ընկերությունների համար, ինչպիսին է ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը: 2013 թվականին ակադեմիայում վերապատրաստվել են նաեւ ՏՏ ոլորտի պետական ծառայողները: Ակադեմիայում օգտագործվում է միայն լիցենզավորված ծրագրեր, իսկ դասընթացների ծրագրերը մշակված եւ հաստատված են Microsoft-ի կողմից:
Խոսելով ապագա պլանների մասին՝ Արթուր Զապրոսյանն ասել է, որ նախատեսվում է դասավանդվող ծրագրերի ցանկի ընդլայնում: Վերջերս Ակադեմիայի ծրագրերը համալրվեցին դիզայնի դասընթացով, որը եւս պոպուլյար է ուսանողների շրջանում: Կենտրոնի տնօրենը հավելել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Microsoft-ի սերտիֆիկացիոն կենտրոնի ստեղծումը: