12:49 | 24.01.14 | Նորություններ | 3701

Արդի կրթական հնարավորություններ` գյուղաբնակ երեխաներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության շնորհիվ իրականություն է դարձել Արտենի համայնքի երեխաների երկար սպասված երազանքը. վերաբացվել է համայնքի հիմնանորոգված տարրական դպրոցի մասնաշենքը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ այստեղ հիմնադրվել է ստեղծագործարան, որից կօգտվեն դպրոցի բոլոր աշակերտները: Հայաստանի մանուկներ հիմնադրամը հիմնանորոգել է դասասենյակները եւ հիմնել ատամների մաքրման կայան:

Ստեղծագործարանը ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող դասասենյակ է, որը հագեցված է էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով, ինչպես նաեւ հատուկ շարժական կահույքով: Վերջինս աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ խմբային աշխատանք: Նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեության իրականացումը, տարբեր աշխատանքների համադրումը, այդ թվում՝ համակարգչի օգտագործում ու տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում ու դասախոսություն, ընթերցանություն եւ խաղ։

Նշենք, որ Արտենիի ստեղծագործարանը երկրորդ կրթասրահն է, որ շահագործման է հանձնվում COAF-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում: 2013թ. սեպտեմբերից նույնանման ծրագրի շահառու են դարձել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի երեխաները:

«Ստեղծագործականությունը խթանող ժամանակակից միջոցներ տրամադրելով գյուղի դպրոցին՝ մենք նպատակ ունենք օգնել երեխաներին՝ բացահայտելու եւ զարգացնելու իրենց ունակությունները: Մենք պետք է խելացի սերունդ դաստիարակենք, եւ այս առումով շատ կարեւոր է, որպեսզի ստեղծագործականությունը խթանող ժամանակակից գործիքները հավասարապես հասանելի լինեն թե՛ քաղաքի, եւ թե՛ գյուղի երեխաներին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Իր հերթին Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը տեղեկացրել է. «Հայաստանում ստեղծագործարանների հիմնադրման եւ տարածման գաղափարը COAF-ինն է` ուսման համար գրավիչ ու նպաստավոր միջավայրի ապահովման նպատակով: Հաշվի առնելով Արտենիում ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը, որոշեցինք հիմնանորոգել համայնքի տարրական դպրոցի մասնաշենքը, բազմապատկելով ներդրումներն ու ընդլայնելով համագործակցությունը մեր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ` բացել ստեղծագործարան: Այս ամենը հնարավոր դարձավ Հիմնադրամի երկարամյա բարեկամներ ու բարերարներ՝ տեր եւ տիկին Նուբար եւ Աննա Աֆեյանների աջակցությամբ: Այսօր վերաբացված  դպրոցն ու ստեղծագործարանն արդի կրթական հնարավորություններ են ընձեռում երիտասարդ սերնդին»:

Արտենի համայնքի տարրական դպրոցը COAF-ի կողմից հիմնանորոգված ուսումնական 7-րդ եւ հանրային նշանակության 18-րդ կառույցն է` 2004 թ-ից ի վեր: Այսուհետ տարրական դպրոցի մոտ 100 աշակերտի եւ 15 ուսուցչի համար դասաժամերը կկազմակերպվեն ժամանակակից, հարմարավետ միջավայրում, լուսավոր ու ջեռուցվող դասասենյակներում: Աշակերտները կօգտվեն ջրամատակարարմամբ ապահովված սանհանգույցներից, ատամների մաքրման կայանից: