16:20 | 23.01.14 | Նորություններ | 3815
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է քաղաքային հեռախոսակապի 010-60-ХХ-ХХ նոր համարաշարքի գործարկման մասին։ Նոր քաղաքային կապի հեռախոսահամարները կարող են միացնել այն հաճախորդները, ովքեր ապրում են Երեւան քաղաքի Նորք-Մարաշ եւ Կենտրոն վարչական շրջաններում։
«Հաշվի առնելով Երեւանի կենտրոնում ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը՝ մենք որոշեցինք գործարկել նոր համարների շարք։ Այն նկատելիորեն կընդլայնի մեր ընկերության տեխնիկական հնարավորությունները եւ հասանելի կդարձնի Beeline պարզ եւ մատչելի ծառայությունները ինչպես ինտերնետից օգտվող բազմաթիվ օգտատերերի, այնպես էլ Beeline քաղաքային հեռախոսակապի կորպորատիվ եւ մասնավոր հատվածի հաճախորդների համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք, որ 2013թ. վերջին «ԱրմենՏել» ընկերությունը նշեց Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակը։ Մայրաքաղաքում Beeline քաղաքային հեռախոսակապի բոլոր բաժանորդներն օգտվում են թվային կապից, իսկ թվայանացման մակարդակը ողջ հանրապետությունում կազմում է 86%:
Ֆիքսված հեռախոսակապի միացման միանվագ վարձը կազմում է 2400 դրամ։ Ֆիքսված հեռախոսակապի միացման, միջազգային եւ միջքաղաքային կապի սակագների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ կամ www.beeline.am կայք։