15:15 | 27.06.13 | Նորություններ | 3852

ԱրմենՏել-ի նոր գլխավոր տնօրենը «ագրեսիվ զարգացում» եւ TV ծառայությունների գործարկում է խոստանում

ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) նորանշանական գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր Երեւանում ասել է, որ «մենք ագրեսիվ կերպով կզարգացնենք մեր բիզնեսը` ներդնելով ժամանակակից տեխնոլոգիական եւ ղեկավարման լուծումներ»:

Հանդես գալով Երեւանում առաջին մամուլի ասուլիսում ` Անդրեյ Պյատախինն ասել է, որ ընկերությունը նոր սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն կորդեգրի, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն կհատկացնի բաժանորդային սպասարկման որակին:

Անդրեյ Պյատախինն ասել է, որ ԱրմենՏել-ի հարուստ փորձը եւ տեխնոլոգիական բազան խոսում են «հսկայական ներուժի» մասին, որն անհրաժեշտ է զարգացնել: «Հայաստանը մրցունակ շուկա է, այդ պատճառով մենք պետք է կենտրոնանանք որակով սպասարկման վրա: Հաճախորդը «մեր ամեն ինչն է»` ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային եւ ինտերնետ կապի ոլորտում: Մենք ցանկանում ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել մեր բաժանորդների բավարարվածության վրա», - ասել է Անդրեյ Պյատախինը:

Իր խոսքերով, ընկերությունն ավելի ակտիվ կերպով կառանձնացնի բջջային ինտերնետի ծառայությունը, որը շուկայի ամենաարագ աճող հատվածն է: Ընդ որում` Անդրեյ Պյատախինը նշել է Հայաստանում բջջային ինտերնետի որակը, նշելով, որ «տվյալ ծառայության նման որակ ամենեւին էլ ոչ բոլոր եվրոպական շուկաներում կա»:

ԱրմենՏել-ի ղեկավարի պաշտոնում որպես իր սեփական առաջնային խնդիր Անդրեյ Պյատախինն անվանել է հեռուստատեսային ծառայությունների ներդրումը: Պատասխանելով այն  հարցին, թե ինչու ընկերությունը մինչեւ հիմա չի տրամադրում IPTV ծառայություն, Անդրեյ Պյատախինը խոստովանել է, որ այդ հարցը նա տվել է ընկերության աշխատակիցներին իր առաջին աշխատանքային օրը: 

«Մենք կփորձենք որքան հնարավոր շուտ դա անել [հեռուստատեսային ծառայություններ գործարկել]», - ասել է Անդրեյ Պյատախինը:

Մեդիամաքսը նշում է, որ 2011 թվականի հունվարին ԱրմենՏել-ի նախորդ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել էր, որ ընկերությունն ակտիվ կերպով թեստավորում է IP-հեռուստատեսության ծառայությունը: Նա նշել էր, որ «ծառայության կոմերցիոն գործարկումը տեղի կունենա այն ժամանակ, երբ IP-հեռուստատեսության որակը կհամապատասխանի որակի բարձր չափանիշներին»:

Մեկնաբանելով երկրի հեռահողարդակցային շուկայի վիճակը` Անդրեյ Պյատախինն ասել է, որ ԱրմենՏելը «արժանի մրցակիցներ ունի, որոնք ակտիվ են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում»:

Մեկնաբանելով 2014 թվականից Հայաստանում համարների տեղափոխելիության ծառայության ներդրումը` Անդրեյ Պյատախինը ողջունել է այդ նորամուծությունը՝ նշելով «շատ լավ պատրաստվածության» անհրաժեշտությունը: «Ես հետեւել եմ MNP-ի ներդրման փորձին տարբեր երկրներում, եւ հաճախ լինում էր այնպես, երբ առաջին անհաջող փորձը տվյալ ծառայությունը ձախողում էր: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է լավ պատրաստվել»,- նշել է ԱրմենՏել-ի ղեկավարը: