10:46 | 10.04.13 | Նորություններ | 5055
Ամերիկյան Արժեթղթերի շուկայի կարգավորող հանձնաժողովը (Securities and exchange commission, SEC) պահանջել է Արմենտելի սեփականատեր հանդիսացող Վիմպելկոմից տեղեկատվություն տրամադրել Իրանի եւ Հայաստանի միջեւ մայրուղային կապուղու մասին, գրում է Cnews.ru-ն:
Նման պահանջի պատճառը բացատրվում է նրանով, որ Վիմպելկոմը ցուցակված է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում, իսկ Իրանը ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից համարվում է ահաբեկչության ֆինանսավորող երկիր, որի հանդեպ միջազգային պատժամիջոցներ են կիրառվում:
Մայրուղային կապուղին, որը Հայաստանը համաշխարհային ցանցին միացնելու միջոցներից մեկն է, պատկանում է ԱրմենՏել ընկերությանը:
Վիմպելկոմը հարցմանն ի պատասխան հաստատել է ԱրմենՏել-ի մոտ Իրանի պետական հեռահաղորդակցական օպերատոր TCI-ի հետ մայրուղային կապուղու առկայությունը: Երկու երկրների միջեւ թրաֆիկի փոխանակումից բացի, ներկայումս բանակցություններ են ընթանում այն մասին, որ TCI-ն կարողանա ԱրմենՏելի մայրուղու միջոցով թրաֆիկ փոխանակել նաեւ երրորդ երկրների հետ: Անցյալ տարի ԱրմենՏելը TCI-ի հետ գործարքների վրա աշխատել է $720 հազ., իսկ ընկերության զուտ շահույթը կազմել է $600 հազ:
Նշենք, որ Հայաստան-Իրան մայրուղային ինտերնետ-կապուղի ունի նաեւ GNC Alfa-ն, որն անցյալ տարի ձեռք է բերվել Ռոստելեկոմի կողմից: Վերջինս մի քանի տարի առաջ ապացուցակվել է Նյու-Յորքի ֆոնդային բորսայից, այդ պատճառով նրան SEC-ի կողմից նման հարցումներ չեն ուղղվել: