14:13 | 02.04.13 | Նորություններ | 3655
Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկել է Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի ծրագիրը (BSSRC), որին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան եւ Հունաստանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի (AMAP) ղեկավար Ռիչարդ Նայն ասել է, որ երկամյա ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ առաջին տարվա ընթացքում կգծվի ամբողջ ուղին, իսկ երկրների տեսարժան վայրերում` հուշարձանների հարեւանությամբ, կտեղադրվեն տեղեկատվական վահանակներ:
Ծրագրի իրականացման երկրորդ փուլի ընթացքում սմարթֆոնների համար 5 հավելված կմշակվի, բացի այդ՝ կգործի էլեկտրոնային պորտալ, իսկ առցանց ուղեցույցի մեջ կընդգրկվեն հայաստանյան ավելի քան 100 ձեռնարկություններ՝ հյուրանոցներ, զբոսաշրջային կազմակերպություններ եւ այլն:
Հայաստանյան ուղին 43 վայր է ներառելու Երեւանում, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում:
Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են ԵՄ Սեւծովյան համագործակցության ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ն «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով եւ AMAP-ը՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող: Չորս երկրներին նախագծի իրականացման համար հատկացվելու է ավելի քան 1,2 մլն եվրո, որից Հայաստանին՝ 325 հազ. եվրո:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարեւորել է ծրագրի իրականացումը տարածաշրջանային համագործակցության տեսակետից: Դեսպանի խոսքով, կարեւոր է նաեւ տարբեր կառույցների համագործակցությունը:
Ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ գյուղացիական վայրերի զարգացումը, զբոսաշրջիկների համար ավելի հասանելի դարձնել Հայաստանի հուշարձանների եւ տեսարժան վայրերի մասին տեղեկատվությունը: