“Իզվեստիա” թերթն այսօր գրել է, որ Հայաստանի բնակիչները ռուսաստանյան օրենքների եւ նորմերի ազդեցության տակ են ընկել, քանի որ ՀՀ հիմնական ինտերնետ-թրաֆիկը անցնում է Ռուսաստանի տարածքով:

Թերթը նշում է, որ դրա հետեւանքով հայաստանյան օգտատերերը երբեմն չեն կարողանում այցելել այն կայքեր, որոնք գտնվում են ռուսաստանյան “սեւ ցուցակում”:

«Մենք արդեն սկսել ենք դիմումներ ստանալ բաժանորդներից: Մենք փոխում ենք երթուղին դեպի այն կայքերը, որոնց վրա հայաստանյան օգտագործողները ռուսաստանյան «խոչընդոտ» կտեսնեն: Հետագայում, ամենայն հավանականությամբ, մենք կկարգավորենք հայաստանյան թրաֆիքի երթեւեկությունն այնպես, որպեսզի դրանից անմիջապես հանվեն Ռուսաստանում արգելքի տակ գտնվող բոլոր կայքերը: ԱրմենՏել-ը Հայաստանում աշխատում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով»,- թերթի հետ զրույցում ասել է Վիմպելկոմ-ի ԱՊՀ երկրներում հասարակական կապերի ղեկավար Արտյոմ Մինաեւը:

«Իր գործունեության յուրաքանչյուր երկրում ՄՏՍ-ը կազմակերպում է ցանցերի աշխատանքը տեղական օրենսդրության համաձայն: Մենք ՄՏՍ-Հայաստան-ի  բաժանորդներից բողոքներ չենք ստացել որեւէ ռեսուրս մուտք գործելու սահմանափակումերի վերաբերյալ եւ մեր ցանցում նման բան չենք տեսել:
Թրաֆիքի երթեւեկության համար մենք օգտագործում ինչպես մեր սեփական մայրուղային ալիքները, այնպես էլ գործընկերներինը»,- ասել է ՄՏՍ-ի մամուլի քարտուղար Վալերիա Կուզմենկոն:

Եթե թրաֆիքի երթեւեկության խնդիրները պետական մակարդակի հասնեն, ապա Ռոսկոմնադզորը պատրաստ է միանալ խնդրի լուծմանը: 

«Մեզ դեռեւս չեն դիմել Հայաստանի գործընկերները, եւ մենք հուսով ենք, որ այդ խնդիրները կլուծվեն օպերատորի մակարդակով: Սակայն, եթե նման դիմում լինի, մենք պատրաստ ենք այն դիտարկել եւ աջակցել խնդիրների լուծմանը»,- ասել են Ռոսկոմնադզորից: