12:41 | 25.01.13 | Նորություններ | 996

ԱրՔա-ն մանրամասնել է միգրացիայի նպատակները

ԱրՔա-ն համակարգն այսօր հայտնել է, որ փետրվարի 8-ից մեկնարկող
նոր ծրագրային հենքի ներդրմանը (միգրացիային) նախորդել են «մեկ տարուց ավել տեւած խոշորածավալ աշխատանքներ»:

«Այդ ընթացքում տեղադրվեցին նոր սերվերային հզորություններ, վերազինվեցին եւ  համալրվեցին ենթակառուցվածքային համակարգերը (էլեկտրամատակարարում, հովացման համակարգեր եւ այլն): Նոր ծրագրային հենքի ներդրման եւ տեղայնացման  շրջանակներում ընկերությունը սերտորեն համագործակցել է  միջազգային վճարային համակարգերի (AmEx, DinersClub, MasterCard, VISA),  բանկային ավտոմատացված համակարգեր մշակող ընկերությունների, մասնագիտացված սարքավորումներ (ԱԳՄ, ՊՈՍ տերմինալներ) մատակարարող կազմակերպությունների հետ եւ ամենակարեւորը համակարգի անդամ բանկերի հետ, որոնք վերազինման գործընթացի հիմնական պատվիրատուն են եւ որոնց նպատակն է իրենց հաճախորդներին ծառայությունների ավելի բարձր որակի եւ լայն շրջանակի մատուցումը: 

Նոր ծրագրային հենքին անցման նպատակով թեստային միջավայրում (թեստային քարտերով, թեստային միջավայրում գրացված բանկոմատներով, POS տերմինալներով եւ այլ հատուկ սարքավորումներով) փորձարկվել են քարտերի թողարկման, սպասարկման, գործարքների ֆինանսական արդյունքների մշակման եւ այլ հարակից գործընթացները:

Նոր համակարգի միջոցով աշխատանքին անցման հետ կապված որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ բանկերի ավտոմատացված ծրագրային համակարգերում: Միգրացիոն աշխատանքներին մասնակցել են նաեւ համակարգի անդամ բանկերի համապատասխան մասնագետները:

Նոր ծրագրային հենքին անցման ժամանակահատվածում չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի որոշակի խաթարումներ (այսպես կոչված «անցումային ժամանակահատվածի» հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են  նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ: 

Նոր ծրագրային հենքի ներդնումը էականորեն կբարելավի համակարգի աշխատանքը եւ քարտապանների սպասարկումը, այդ թվում վիրտուալ տիրույթում:

ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի ներկայիս ծրագրային ապահովումը ներդրվել է շուրջ 13 տարի առաջ եւ այլեւս չէր համապատասխանում բանկային եւ քարտային բիզնեսի արդյունավետ զարգացման արդի պահանջներին:

Ներդրվող ծրագրային համակարգը բավարարում է ոլորտի ժամանակակից պահանջներին: Վերջինիս կարեւորագույն առանձնահատկությունն է  բազմաբանկ կառուցվածքը, որը հնարավորություն կընձեռի համակարգի անդամ բանկերին լինել անկախ եւ յուրահատուկ քարտային ծրագրերի իրականացման իրենց մոտեցումներում:

Նոր ծրագրային համակարգը ամբողջությամբ համապատասխանում է անվտանգության միջազգային խստագույն պահանջներին, մասնավորապես PA DSS (Payment Application Data Security Standards) վկայականի առկայությունը վկայում է նշված ծրագրի միջազգայնորեն ճանաչված` առավել անվտանգ համակարգ լինելու մասին», - ասված ԱրՔա-ի հաղորդագրության մեջ:

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ԱՐՔԱ համակարգում գործում է 6068 POS-տերմինալ, որից 560-ը գտնվում է կանխիկացման կետերում, իսկ 5508-ը` առեւտրի կետերում: Համակարգի բանկոմատների թիվը ամբողջ Հայաստանի տարածքում հունվարի սկզբին կազմել է 960: Մեկ տարում գործարկվել է 123 նոր բանկոմատ:

Հունվարի 1-ի դրությամբ Արմենիան Քարդ համակարգի ակտիվ քարտերի թիվը հասել է 1.008.9 հազարի: Անցած տարվա նույն ժամանակի համեմատ այս ցուցանիշն ավելի է 32%-ով: