12:15 | 25.01.13 | Նորություններ | 1034

Վաղը Դիլիջանում կբացվի Թումո կենտրոնը

Հունվարի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի կունենա Թումո կենտրոնի բացումը:

Այն կգործի Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում՝ Դիլիջանի նախկին քաղաքային գրադարանի շենքում:

Թումո Դիլիջանը հագեցած է 29 Apple համակարգիչներով եւ հնարավորություն ունի օրական սպասարկել մինչեւ 90 պատանի՝ տրամադրելով նրանց յուրատեսակ ուսումնական փորձառություն նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:

Հունվարի 29-ից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր 12-16 տարեկան դիլիջանցիները կարող են այցելել Թումո` գրանցվելու համար: Ուսուցումը Թումոյում անվճար է

Պատանիները հատուկ մշակված Թումո ուսումնական ծրագրի միջոցով կբացահայտեն եւ կուսումնասիրեն չորս հեռանկարային ոլորտներ՝ թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում: Միաժամանակ աշխատելով իրական նախագծերի վրա՝ պատանիները կհմտանան իրենց նախընտրած ոլորտներում, ձեռք կբերեն թիմային աշխատանքի եւ հաղորդակցման հմտություններ, կձեւավորեն վերլուծական մտածելակերպ, կզարգացնեն նախաձեռնողական կարողություններ:

Մարտ ամսից Թումո Դիլիջանում կգործեն ռոբոտաշինության եւ համակարգչային երաժշտության հատուկ դասընթացներ:

«Մենք շատ ոգեւորված ենք Թումո Դիլիջանի բացման առիթով: Այն յուրատեսակ ուսումնառությունը, որ Թումոն տրամադրում է պատանիներին, այժմ արդեն հասանելի կլինի ոչ միայն երեւանաբնակներին, այլ նաեւ մարզի երիտասարդներին: Սա եւս մեկ քայլ է դեպի մեր երազանքի իրականացումը՝ կրթել մրցունակ եւ համաշխարհային զարգացումների հետ համահունչ քայլող սերունդ»,- ասել է Թումո կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երեւանում բացվել 2011թ. ամռանը: Այն ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Այսօր կենտրոնում ուսուցանում է 12-18 տարեկան 5 000-ից ավելի պատանի, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը: