Սերգեյ Մարտինովը
01:07 | 29.11.12 | Հարցազրույցներ | exclusive 143097
Նախորդ շաբաթ Mail.Ru Փոստը հայտարարեց իր ինտերֆեյսը հայերեն թարգմանելու մասին: Մեդիամաքս-ը լրացուցիչ մեկնաբանությունների համար դիմեց Mail.Ru Փոստի ղեկավար Սերգեյ Մարտինովին:
- Որքա՞ն օգտագործող ունի Mail.ru Փոստը Հայաստանում եւ ինչպիսին է աճի դինամիկան:
- Հայաստանում Mail.Ru Փոստի լսարանն աճում է: Վերջին մեկ տարվա ընթացքում Գլխավոր էջի եւ Mail.Ru Փոստի օրական լսարանի քանակը Հայաստանում աճել է ավելի քան 40%-ով (ըստ Liveinternet-ի): Մեր ներքին տվյալների համաձայն, Mail.Ru Փոստ-ի ամսական լսարանը Հայաստանում կազմում է մոտ 300 հազար եզակի օգտատեր:
- Ո՞վ է ձեր ամենալուրջ մրցակիցը Հայաստանում:
- Mail.RuGroup-ի եւ GFK-ի 2012 թվականին անցկացված համատեղ ուսումնասիրության համաձայն, Mail.Ru Փոստը բացարձակապես գերիշխում է Հայաստանի շուկայում` դրանից օգտվում են անձնական փոստային հասցեներ ունեցողների 77%-ը: Այլ փոստային ծառայությունների բաժնեմասերը չեն գերազանցում օգտագործողների 10%-ը:
- Հայաստանը շատ մեծ շուկա չէ, եւ տեսանելի ապագայում լսարանի աճը կդանդաղի կամ կդադարի: Կձեռնարկե՞ք որեւէ լրացուցիչ քայլեր Հայաստանում ձեր դիրքերի պահպանման համար:
- InternetWorldStats-ի տվյալներով, ներկայումս Հայաստանում ինտերնետի թափանցելիության մակարդակը կազմում է շուրջ 60%, եւ երկրի ներսում աճի ներուժ դեռ կա: Հիմնականում, իհարկե, աճը կարձանագրվի փոքր քաղաքների, ինչպես նաեւ ավելի մեծահասակ մարդկանց շնորհիվ:
Աճի այլ հնարավորություն է` ցանցում մնալու ժամանակի ավելացումը: Օգտագործողները ավելի շատ «մուտքի կետեր» են ունենում դեպի ցանց, քանի որ, մի կողմից, ներկայումս լայնաշերտ ինտերնետը կա գրեթե բոլորի մոտ` թե տանը, եւ թե աշխատավայրում: Մյուս կողմից, աճում է շարժական միացումների քանակը: Հեռանկարում շարժական միացումների քանակը միայն կաճի: Օրինակ, «Սվյազնոյ» ընկերության տվյալներով, Ռուսաստանում սմարթֆոն է օգտագործում բնակչության 28%-ը, իսկ կանխատեսումների համաձայն, երեք տարում այդ թիվը կհասնի 80%-ին:
- Ծրագրո՞ւմ եք, բացի հայերեն թարգմանելուց, կայքում տեղադրել նպատակային բովանդակություն`ուղղված կլինի հենց Mail.ru-ի հայկական լսարանին (օրինակ, աֆիշաներ, հեռուստածրագրեր եւ այլն):
- Միանշանակ, ԱՊՀ երկրները մեզ համար առաջնային են Mail.Ru Group-ի ծառայությունների տեղայնացման տեսանկյունից: Այս տարի արդեն հայերեն թարգմանվել են Օդնոկլասնիկի սոցիալական կայքը եւ Փոստի ինտերֆեյսը: Մոտ ժամանակներս Հայաստանի բնակիչները կկարողանան Mail.Ru-ում տեղեկանալ տեղական նորություններին, արտարժույթի փոխարժեքներին: