00:53 | 19.11.12 | Հարցազրույցներ | exclusive 107839

Ռալֆ Յիրիկյան. ՄոբիԴրամ-ը կմատուցի «շարժական դրամապանակ»-ի ծառայություն

Նոյեմբերի 6-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց էլեկտրոնային վճարման եւ փոխանցման ՄոբիԴրամ ծառայության մեկնարկի մասին: Մեդիամաքս-ը դիմեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին մանրամասներ ստանալու ակնկալիքով:

- Պարոն Յիրիկյան, կարելի՞ է ասել, որ ՄոբիԴրամ-ը հանդիսանալու է ունիվերսալ վճարային համակարգ, որի հիմնական բաղադրիչներից մեկը կլինի «վիրտուալ փողի» գաղափարը: 

- ՄոբիԴրամ-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է, որի միջոցով մենք սկսում ենք աշխատել ֆինանսական ծառայությունների շուկայում:

Այսօր աշխարհում լայնորեն տարածվում է այն միտումը, երբ բջջային կապի օպերատորներն իրենց հիմնական ծառայությունների հետ զուգահեռ սկսում են մատուցել նաեւ տարբեր ֆինանսական ծառայություններ, ինչը բաժանորդին տալիս է մեծ հնարավորություններ եւ առավելագույն հարմարավետություն` իր ծախսերը եւ գնումները կազմակերպելու եւ կառավարելու առումով:

Հայաստանի շարժական կապի ոլորտում մենք առաջինն ենք գործարկում նման ծառայություն: Ուզում եմ հատուկ շեշտել, որ ստեղծելով ՄոբիԴրամ-ը` մենք չենք ընդօրինակել աշխարհում արդեն իսկ գոյություն ունեցող մոդելները, այլ մշակել ենք մի ինքնուրույն համակարգ, որը համապատասխանեցված է հայկական շուկայի առանձնահատկություններին:

- Նման ծավալուն նախագծի աշխատանքը ենթադրում է հզոր եւ ճկուն ծրագրային ապահովում: Ծրագիրը գնվել է արտերկրի՞ց, թե՞ մշակվել է Հայաստանում:

- Մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ պետք է հայտնեմ, որ ՄոբիԴրամ-ի ծրագրային ապահովման հարթակն ամբողջությամբ մշակվել է Հայաստանում: Այն պատրաստել է տեղական «Վոլո» ընկերությունը, որի հետ համագործակցում ենք արդեն երկար տարիներ: Մենք միշտ էլ փորձել ենք սատարել տեղական արտադրողին եւ պայմաններ ստեղծել, որպեսզի ապահովվի նրանց հետագա զարգացումը Հայաստանում եւ ամրապնդվեն մրցակցային հնարավորությունները Հայաստանից դուրս: Կարծում եմ, դա մեզ հաջողվում է:

- ՄոբիԴրամ-ը հետաքրքիր է նրանով, որ ծառայությունից կարող են օգտվել ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները` իրենց հեռախոսների միջոցով, այնպես էլ բոլոր ցանկացողները` համացանցի միջոցով, ինչպես նաեւ ՄոբիԴրամ-ի մասնաճյուղ այցելելով:


- Այո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են տարբեր վճարումներ ու փոխանցումներ անել անմիջապես իրենց հեռախոսից` USSD հրահանգների միջոցով: Ընդ որում, պարտադիր չէ, որ հեռախոսը սմարթֆոն լինի կամ միացված լինի շարժական ինտերնետին: Որեւէ հատուկ ծրագիր ներբեռնելու կարիք նույնպես չկա: ՄոբիԴրամ-ի առավելությունը նրանում է, որ ամենապարզ բջջային հեռախոսը վերածվում է էլեկտրոնային ֆինանսական ծառայություններից օգտվելու հարմարավետ գործիքի:

USSD հրահանգների միջոցով մեր բաժանորդը կկարողանա, օրինակ, վճարել կոմունալ ծախսերի համար կամ մարզից մարզ գումար փոխանցել: Հետագայում ՄոբիԴրամ-ի միջոցով հնարավոր կլինի գումարներ փոխանցել նաեւ արտերկիր:

Բնականաբար, դրամական փոխանցումների հարցում կան գումարի չափի հետ կապված որոշակի սահմանափակումներ` սահմանված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ՄոբիԴրամ համակարգի հաճախորդները դասակարգվում են երկու խմբի` «Ստանդարտ» եւ «Պրեմիում»:

«Ստանդարտ» հաճախորդը կարող է օգտվել ՄոբիԴրամ համակարգով տրամադրվող սահմանափակ թվով ծառայություններից: Համակարգում գրանցվելով՝ հաճախորդը կարող է գումար ավելացնել իր էլեկտրոնային հաշվին, վճարել կոմունալ, կապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ դրամական միջոցներ ստանալ ՄոբիԴրամ-ի «Պրեմիում» հաճախորդներից: «Ստանդարտ» օգտատերերը չեն կարող օգտվել դրամական միջոցների կանխիկացման ծառայությունից, ինչպես նաեւ ունեն հետեւյալ սահմանափակումները.

- օրական գործառնությունների գումարը` առավելագույնը 100 000 դրամ,
- ամսական գործառնությունների գումարը` առավելագույնը 200 000 դրամ,
- ամսական գործառնությունների քանակը` առավելագույնը 15 հատ:

«Պրեմիում» հաճախորդին հասանելի են ՄոբիԴրամ համակարգով տրամադրվող բոլոր ծառայությունները: Կարող եք վճարել կոմունալ եւ այլ ծառայությունների համար, ստանալ եւ ուղարկել դրամական միջոցներ ՄոբիԴրամ հաշիվներին, կանխիկացնել գումարներ հաշվից կամ փոխանցել այլ բանկային հաշիվների:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել նաեւ “Պրեմիում” ծառայությունների բջջային տարբերակից:

Բջջային ցանցի հանգամանքով պայմանավորված` բջջային հեռախոսի USSD-ի մենյուի միջոցով ՄոբիԴրամ-ի ծառայություներից կարող են օգտվել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները: Այնուամենայնիվ, մենք ՄոբիԴրամ-ի ծառայությունները հասանելի ենք դարձրել բոլորին: Բոլոր նրանք, ովքեր չեն օգտվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապից, կարող են օգտվել ՄոբիԴրամ-ի ծառայություններից` այցելելով ՄոբիԴրամ-ի կայքէջ` համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով, կամ` այցելելով ՄոբիԴրամ-ի 25 մասնաճյուղերից որեւէ մեկը:

- Ի՞նչ միջնորդավճարներ է գանձելու ՄոբիԴրամ-ը:


- Կոմունալ ծառայությունների վճարման դեպքում հաճախորդներից միջնորդավճար չի գանձվում: ՄոբիԴրամ-ի մասնաճյուղերում եւ ArCa քարտի միջոցով էլ. հաշվի համալրումը հնարավոր է կատարել անվճար, իսկ մեկ էլ. դրամապանակից մեկ այլ էլ. դրամապանակ, ինչպես նաեւ կանխիկացման եւ բանկային հաշվին գումար փոխանցելիս գործարքն իրականացվում է 0.5% միջնորդավճարով:

- ՄոբիԴրամ-ի միջոցով կարելի է վճարել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակիցների ծառայությունների համա՞ր:

- Այո, այցելելով ՄոբիԴրամ-ի 25 մասնաճյուղերից մեկը` կարելի է վճարել ֆիքսված եւ շարժական կապի, ինչպես նաեւ ինտերնետ հասանելիության տարբեր ծառայությունների դիմաց: Վճարումներ են ընդունվում նաեւ Ղարաբաղ-Տելեկոմի մատուցած ծառայությունների դիմաց: Նախատեսում ենք ապագայում այդ վճարումները հնարավոր դարձնել նաեւ բջջային հեռախոսի եւ կայքէջի միջոցով: Ներկա դրությամբ վերը նշված եղանակներով կարելի է վճարումներ իրականացնել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատուցած ծառայությունների դիմաց:

- Հայտարարվել է, որ այսօրվա դրությամբ ՄոբիԴրամ-ի 25 մասնաճյուղ է գործում: Դրանք առանձին գրասենյակնե՞ր են, թե՞ ՄոբիԴրամը սրահներ ունի ՎիվաՍել-ՄՏՍ-ի խանութներում:

- ՄոբիԴրամ-ը առանձնացված տարածքներ ունի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում` առանձին ապրանքանիշով եւ աշխատակազմով. դա Կենտրոնական բանկի պահանջներից է:

- Որո՞նք են լինելու համակարգի զարգացման հաջորդ քայլերը:

- Ապագայում կընդլայնենք «շարժական դրամապանակ»-ի (mobile wallet) շրջանակներում մատուցվող ծառայությունների շրջանակները: «Դրամապանակ»-ի պահանջարկը հայաստանյան շուկայում գնահատելու համար իրականացվել է միջազգային շուկաների ուսումնասիրություն: Այն թույլ է տալիս ասել, որ էլեկտրոնային դրամապանակները մեծ պահանջարկ կունենան` հատկապես տեղական եւ միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելիս ու առեւտրային կազմակերպություններին վճարումներ կատարելիս:

Մարդիկ իրենց հեռախոսների միջոցով կկարողանան, օրինակ, վճարել սուպերմարկետներից գնումներ կատարելիս: 

- Հայաստանում արդեն կան առցանց խանութներ, որոնցում ինտեգրված են օնլայն վճարման ArCa, Idram, Webmoney եւ ալ համակարգերը:  Հնարավո՞ր է դրանցում ինտեգրել նաեւ ՄոբիԴրամ վճարման համակարգը:

- Համագործակցությունը օնլայն խանութների հետ մեր առաջիկա ծրագրերի ցանկում է: Դա նշանակում է, որ ՄոբիԴրամ-ի հաճախորդները մոտ ապագայում կարող են իրենց էլեկտրոնային հաշիվների միջոցով օգտվել նաեւ վճարման այդ եղանակից: