Օրանժ Արմենիա-ի նախկին գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
10:54 | 04.09.12 | Հարցազրույցներ | exclusive 89339
Օրանժ Արմենիա-ի նախկին գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հարցազրույցը Մեդիամաքս-ին
Սեպտեմբերի 3-ին Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան թողեց իր պաշտոնը` Հայաստանում աշխատելով գրեթե 4 տարի: Մեկնումից առաջ նա հրաժեշտի հարցազրույց տվեց Մեդիամաքս-ին:
- Պարոն Դյութուա, Ֆրանս Տելեկոմ Խմբի մենեջմենթը որոշում է կայացրել փոխելու իր հայաստանյան միավորի ղեկավարին, եւ սեպտեմբերի 3-ից Օրանժ Արմենիա-ն ունի նոր գլխավոր տնօրեն: Ինչո՞ւ է կայացվել նման որոշում, եւ եթե որոշողը Դուք լինեիք, կնախընտրե՞իք արդյոք մնալ եւ աշխատել Հայաստանում:
- Ինձ շատ հարմարավետ էր ապրել ու աշխատել Հայաստանում: Այս երկիրն ինձ հարազատ է դարձել, ու ինձ համար հաճույք կլիներ ավելի երկար մնալ այստեղ: Սակայն, Օրանժ Ֆրանս Տելեկոմ խմբի կանոնների համաձայն, դրա միավորների ղեկավարությունը պետք է 2-4 տարին մեկ փոխվի, ու քանի որ ես արդեն ավարտում եմ Հայաստանում իմ աշխատանքի 4-րդ տարին, այլ պաշտոն ստանձնելը տրամաբանական էր եւ ոչ անսպասելի ինձ համար:
Օրանժ Արմենիայի աշխատակիցների հետ ծառատունկին, 2012թ.
Լուսանկարը՝ անձնական արխիվից
- 2006 թ-ից 2008-ը Դուք գլխավորել եք Օրանժ Մոլդովա-ն: Ի՞նչ ապրումներ եւ սպասումներ ունեցաք, երբ իմացաք Հայաստան տեղափոխվելու մասին:
- Դա իրոք անակնկալ էր: Ես որոշ չափով մասնակցում էի Հայաստանում բջջային կապի երրորդ լիցենզիայի մրցույթի FT-ի նախապատրաստական աշխատանքներին, ու իմ ղեկավարն առաջարկեց ինձ գլխավորել ընկերությունը, եթե հաղթի Օրանժը: Այսպիսով, նորությունն այն մասին, որ Օրանժը հաղթել է Հայաստանի երրորդ բջջային օպերատորի մրցույթում, ինձ համար նաեւ նորություն էր Հայաստան տեղափոխվելու մասին:
Հայաստանում Օրանժի ղեկավարումն ինձ համար միաժամանակ մեծ հաճույք էր եւ մարտահրավեր, քանի որ, եթե Մոլդովայում ընկերությունն արդեն գործում էր, Հայաստանում պետք էր զրոյից կառուցել բոլորովին նոր ընկերություն, այն էլ՝ բավականին մրցակցային շուկայի պայմաններում:
Ու թեեւ ես որոշ առումով նման փորձ ձեռք էի բերել Սլովակիայում, որտեղ ընկերությունը եւս ստեղծվել է զրոյից, իրավիճակն այնտեղ զգալիորեն տարբերվում էր. դա 1996 թվականն էր, եւ մենք կառուցում էինք այդ երկրի առաջին բջջային ցանցը:
Նշանակվելու պահին ես քիչ տեղեկություններ ունեի Հայաստանի մասին: Ընտանիքիս անդամներն ու ես հայ ընկերներ ունեինք Ֆրանսիայում, բայց հասկանում եմ, որ անհնար է պնդել, թե դու գիտես Հայաստանը, եթե գիտես ֆրանսահայերին:
Մակարավանքում, 2012թ.
Լուսանկարը՝ անձնական արխիվից
- Հե՞շտ էր արդյոք սկսել աշխատել Հայաստանում: Ի՞նչն էր այստեղ ամենադժվարը Ձեզ համար:
- Ամենադժվարը կապված է ոչ այնքան Հայաստանի, որքան այստեղ հնարավորինս կարճ ժամկետում ընկերություն կառուցելու պարտավորության հետ: Մենք միաժամանակ կառուցում էինք տեխնիկական ենթակառուցվածքները, նախագծում մարքեթինգային առաջարկներ, առաջ մղում մեր ապրանքանիշը, կառուցում վաճառքների ցանցը եւ այս ամենը՝ մեր թիմի ստեղծվելուն զուգահեռ:
Պետք է նշեմ, որ Օրանժը շատ բարյացակամ ընդունվեց Հայաստանում, եւ այստեղ սկսելն ու աշխատելն ավելի հեշտ էր, քան բազմաթիվ այլ երկրներում: Օրինակ, ցանց կառուցելիս օպերատորը բախվում է բազմաթիվ վարչարարական եւ բյուրոկրատական հարցերի, որոնք Հայաստանում շատ ավելի քիչ էին եւ ոչ այնքան բարդ, որքան բազմաթիվ եվրոպական երկրներում:
- Դուք աշխատում եք այստեղ արդեն շուրջ 4 տարի եւ դրա հետ մեկտեղ ունեք հարուստ միջազգային աշխատանքային փորձ. տարբերվո՞ւմ է արդյոք Հայաստանի հեռահաղորդակցային շուկան այլ վայրերից, որտեղ աշխատել եք:
- Չէի ասի, որ զգալի տարբերություններ կան, բայց Հայաստանի հեռահաղորդակցային շուկան ունի իր որոշակի առանձնահատկությունները. Հայաստանում զգալիորեն ավելի շատ ինտերնետ եւ ձայնային թրաֆիկ է սպառվում մեկ օգտագործողի հաշվով, քան եվրոպական երկրների մեծամասնությունում: Հայաստանում ավելի վառ է արտահայտված տեխնոլոգիաների եւ նորարարությունների պահանջարկը: Կա եւս մի առանձնահատկություն. հայերը հաճախ իրենց շատ կապված են զգում իրենց հեռախոսահամարներին եւ դժվարությամբ են փոխում դրանք:
Մակարավանքում, 2012թ.
Լուսանկարը՝ անձնական արխիվից
- Ի՞նչն եք համարում Ձեր խոշորագույն մասնագիտական ձեռքբերումն ու բացթողումը Օրանժ Արմենիա-ում աշխատելու տարիներին:
- Իմ խոշորագույն մասնագիտական ձեռքբերումն այստեղ հիանալի թիմի կառուցումն է, ընկերության կայացումը եւ սուր մրցակցության պայմաններում նոր եւ նորարար ծառայությունների ներմուծումը:
Բացթողումս, կարծում եմ, այն է, որ այդպես էլ հայերեն չսովորեցի:
- Ձեր հետնորդը՝ Ֆրանսիս Ժելիբտերը, ֆինանսական կրթություն ունի: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Ձեր հիմնական առաքելությունը Օրանժ Արմենիա-ում կայանում էր ընկերության կառուցման, իսկ պարոն Ժելիբտերինը՝ օպերատորի ֆինանսական դրության բարելավման մեջ:
- Իմ՝ որպես գլխավոր տնօրենի առջեւ դրված էր երեք հիմնական առաջադրանք. ներմուծել եւ առաջ մղել ծառայությունները, կառուցել Orange ապրանքանշանի ցանկալի ընկալումը Հայաստանում, ինչպես նաեւ ընկերության առողջ ֆինանսական դրության ապահովումը: Կարծում եմ, հետնորդիս առաքելությունը նույնն է լինելու:
Ախուրյան, 2011թ.
Լուսանկարը՝ անձնական արխիվից
- Ի՞նչ կասեք ներդրումների վերադարձելիության եւ շահութաբեր մակարդակի դուրս գալու մասին:
- Մեր ֆինանսական արդյունքները բավականին լավն են. ներդրումների ամբողջական վերադարձ ակնկալվում է ընկերության գործունեության առաջին 10 տարվա ընթացքում, իսկ ինչ վերաբերում է շահութաբերությանը, մենք ամեն ամիս վստահորեն շարժվում ենք այդ ուղղությամբ:
- Պարոն Դյութուա, Դուք եղել եք Հայաստանի բոլոր մարզերում ու գրեթե բոլոր քաղաքներում, Դուք ճանաչում եք Հայաստանը շատ ավելի լավ, քան բազմաթիվ հայաստանցիներ: Ինչպիսի՞ն է Ձեր մասնագիտական կարծիքը Հայաստանի ապագայի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, որպես պրոֆեսիոնալ բիզնես-մենեջեր, ի՞նչն է պետք փոխել Հայաստանի սոցիալ-տնտեսական բուռն զարգացում ապահովելու համար:
- Երկու կարեւորագույն քայլերը, որոնք, կարծում եմ, կարող են զգալիորեն նպաստել Հայաստանի զարգացմանը՝ հարեւանների հետ սահմանների բացումն է, ինչպես նաեւ Երեւանի եւ մարզերի միջեւ անդունդի վերացումը: Կարծում եմ, Հայաստանն ինտենսիվ տարածքային զարգացման քաղաքականության խիստ կարիք ունի, քանի որ զարգացման տարբերությունը Երեւանի եւ մարզերի միջեւ շատ մեծ է: Երեւանում կա գրեթե ամեն ինչ, ու միջին ներդրողը, համեմատելով մայրաքաղաքը մարզերի հետ, կնախընտրի մնալ Երեւանում:
Ախուրյան, 2011թ.
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Միաժամանակ, ես տեսնում եմ աճի հզոր պոտենցիալ: Այստեղ շատ հմուտ մարդիկ կան, ինչի մի վառ օրինակ է Օրանժ Արմենիա-ի մեր թիմը: Եթե հայերը չարտագաղթեն ու շարունակեն աշխատել Հայաստանում, դա շատ կնպաստի ձեր երկրի զարգացմանը:
- Ինչպիսի՞ն է Օրանժ Արմենիա-ի դերը Ֆրանս Տելեկոմ Խմբում: Որքանո՞վ է հայաստանյան միավորը նպաստում խմբի զարգացմանը:
- Չնայած իր համեմատաբար փոքր չափին՝ Օրանժ Արմենիա-ի կշիռը չի կարելի թերագնահատել: Խմբում կա լավագույն փորձի փոխանակման ձեւավորված մշակույթ, ու լավագույն փորձի կիրառումից բացի Օրանժ Արմենիա-ն եւս մի շարք նշաձողեր է սահմանել:
Դուք, հավանաբար, գիտեք Orange Armenia-ի «T.I.GRA.N» (Tower InterGRated Armenian Network) պիլոտային նախագծի մասին, որը Ֆրանս Տելեկոմ խմբի կողմից ստացել է հատուկ մրցանակ նորարարության համար: Նախագիծը թույլ է տալիս կառուցել շարժական կապի ցանց շատ ավելի քիչ ծախսերով եւ ժամկետներում:
Ախուրյան, 2011թ.
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Խումբը նաեւ շատ է հետաքրքրված Օրանժի մարքեթինգային առաջխաղացման հայկական փորձով: Մեր եռամսյակային հետազոտությունները ցույց են տալիս, որ Օրանժն այսօր Հայաստանում ամենասիրված ապրանքանշանն է, ու դա ընդամենը 2,5 տարի գործելու արդյունքում:
Մի քանի շաբաթ առաջ Orange/FT Group-ի մարքեթինգի գծով գլխավոր տնօրենն այցելել է Հայաստան՝ ուսումնասիրելու, թե ինչպես է Orange Armenia-ին հաջողվել ապրանքանիշի նման դիրքավորում ապահովել:
Նշեմ նաեւ, որ Orange Armenia-ի տեխնիկական միջավայրի գծով մասնագետն ընդգրկվել է FT Orange Group-ի Տեխնիկական միջավայրի վերստուգող հանձնաժողովում, որն ունի ընդամենը 6 անդամ:
- Եվ վերջին հարցը. տեսնելո՞ւ ենք Ձեզ կրկին Հայաստանում:
- Այո, ես մտադիր եմ հաջորդ ամառ անցկացնել Հայաստանում իմ արձակուրդը: Ես իրոք սիրեցի այս երկիրը. ունեմ լավ ընկերներ ինչպես Օրանժ Արմենիա-ի աշխատակիցների թվում, այնպես էլ ընկերությունից դուրս:
«Եվրատեսիլ 2011»-ին նվիրված բացօթյա համերգին
Լուսանկարը՝ անձնական արխիվից
- Պարոն Դյութուա, Մեդիամաքս-ի եւ Հայաստանի լրագրողական հանրության կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանում կատարած աշխատանքի համար եւ մաղթել Ձեզ ամենաբարին նոր աշխատավայրում:
- Ես նույնպես շնորհակալ եմ այս տարիների ընթացքում մեր լավ համագործակցության համար:
Բրունո Դյութուայի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: