ՄՏՍ-ի մարքեթինգի գծով փոխնախագահ Վասիլ Լացանիչը
09:39 | 07.03.12 | Նորություններ | 2331
Երեւան/Մեդիամաքս/. ՄՏՍ-ը գիտակցաբար կենտրոնանում է սմարթֆոնների վաճառքի վրա` հասկանալով, որ յուրաքանչյուր բաժանորդ` սմարթֆոն գնելիս, սկսում է 30% ավել գումար ծախսել, քանի որ նոր եւ հարմարավետ հնարավորություններ է ստանում տվյալների փոխանակելու համար:
Այս մասին РБК Daily թերթի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՄՏՍ-ի մարքեթինգի գծով փոխնախագահ Վասիլ Լացանիչը:
“Տվյալների փոխանակման վրա ավելի շատ գումար ծախսելով՝ բաժանորդը սկսում է ավել գումար ծախսել նաեւ ձայնային ծառայությունների վրա”, - նշել է նա:
“Եթե երեկ աճի բարձր տեմպեր ցուցաբերելու համար հարկավոր էր ուղղակի ավել վաճառել, ապա այսօր բջջային կապի շուկան մինչեւ 150% հագեցած է, եւ այդ ձեւաչափը դադարում է գործել: Դա տեղի է ունենում հասարակ պատճառով: Մենք ստանում ենք կարճ կյանք ունեցող SIM-քարտերի շատ մեծ շրջանառություն, որոնց համար դիլերներին պարբերաբար մեծ գումար է մուծվում: Իսկ, քանի որ դիլերը հետաքրքրված է նոր միացումների ստեղծմամբ, նա ավտոմատ կերպով հրահրում է բաժանորդների արտահոսքը: Ներկայումս նոր բաժանորդների շուրջ 70%-ը նրանք են, ովքեր դեռ երեկ նույն ցանցի բաժանորդ էին, սակայն մեկ այլ միացման: Գաղտնիք չէ, որ ավելի հեշտ է վաճառել նոր միացումը (նոր սակագնային պլանով) օպերատորի առկա բաժանորդներին”, - ասել է ՄՏՍ-ի փոխնախագահը:
Խոսելով չորրորդ սերնդի ցանցերի մասին (LTE)` Վասիլ Լացանիչն ասել է.
“Հարկավոր է հասկանալ, որ ամեն դեպքում LTE-ն ապագայի ներդրում է, ընդ որում՝ հեռու ապագայի: Յուրաքանչյուր սցենարի դեպքում դժվար կլիներ ակնկալել, որ այդ ծառայությունը մասսայական շուկա ավելի շուտ կդառնա, քան 2014-2015 թվականներին՝ առնվազն ելնելով բաժանորդային սարքերի շուկայի աճի տեմպերից: Օրինակ, մենք պատրաստ ենք Մոսկվայում LTE ցանց գործարկել մեկ շաբաթից: Սակայն լավագույն դեպքում այն կսկսի նորմալ, կայուն գումարներ բերել կես տարուց, եւ ավելի”:
Հիշեցնենք, որ 2011 թվականի վերջում ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի կենտրոնում 4G/LTE ցանցն է գործարկել: