Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը
15:31 | 25.01.12 | Նորություններ | 3945
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերության եւ աշխատակիցների 2011թ. արդյունքներին ծանոթանալու համար Հայաստան է ժամանել Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է Orange-ը մեծ հաջողությամբ գործունեություն ծավալում Հայաստանում:
“2,5 տարվա ընթացքում Orange-ը Հայաստանում իրականացրել է մոտ 250 մլն եվրոյի ներդրումներ, որից 186-ը կապիտալ ներդրումներ են: Ընկերությունը նպատակ ունի լինել Հայաստանի տնտեսության ակտիվ եւ հզոր դերակատար` բիզնես գործունեությանը զուգահեռ իրականացնելով սոցիալական, մշակութային, կրթական ծրագրեր: Orange-ը Հայաստանում շարունակելու է լինել նորարար եւ նվիրված,”- ասել է նա:
Խոսելով այս տարվա պլանների մասին` նա ասել է, որ “ընկերությունը շարունակելու է ներդնել նոր ծառայություններ, սակայն դրանք անակնկալ կլինեն, քանի որ Orange-ի մրցակիցները շատ արագ են արձագանքում նոր առաջարկներին”:
Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի փոխնախագահը նաեւ նշել է, որ իրենք Հայաստան են եկել երկարաժամկետ ծրագրերով:
“Երբ օպերատորը մուտք է գործում նոր երկիր, որտեղ շուկան բավականին հագեցած է գործող այլ օպերատորներով, ապա նա իր բիզնես պլանը չի կառուցում կարճաժամկետ ծրագրերով եւ չի ենթադրում, որ շահութաբեր կդառնա 1-2 տարի անց: Այս մասին գիտեինք մինչեւ Հայաստան գալը եւ չէինք ակնկալում, որ ընկերությունն անմիջապես կդառնա շահութաբեր: Օպերատորին 5-7 տարի է պետք, որ սկսի շահույթ գրանցել”,- ասել է նա:
Անդրադառնալով Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի աշխատանքին` Բենուա Շինն ասել է. “Բրունո Դյութուան Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբում շատ հայտնի անձնավորություն է եւ ամենալուրջ փորձագետներից: Առաջին անգամ չէ, որ նա նոր օպերատոր է մեկնարկում նոր երկրում: Նա մի քանի անգամ զրոյից ձեռնարկություններ է ստեղծել: Շնորհիվ նրա աշխատանքի եւ փորձառության, մենք ունենք այս արդյունքները, ինչը դեռ սկիզբն է”: