Արա Թադեւոսյանն ու Ռալֆ Յիրիկյանը
13:22 | 30.09.11 | Նորություններ | 4381
Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ասել է, որ Մեդիամաքս-ի նախաձեռնած Yerevan Web Meetings 2011 նախագիծը “նպատակային մեծ քայլ կդառնա համացանցում հայկական բովանդակության զարգացման ուղղությամբ”:
Մեդիամաքս-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր ներկայացրել են Yerevan Web Meetings 2011 նախագիծը, որի նպատակն է վարպետության դասերի միջոցով ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է գալիս նախագծի գլխավոր հովանավորի դերում:
Վարպետության դասերով հանդես կգան.
- Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին (Հոկտեմբերի 15);
- Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր եւ բաժնետեր Աննա Զնամենսկայան (Հոկտեմբերի 22);
- Ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» մեկը` Անտոն Նոսիկը; (Հոկտեմբերի 29);
- Լիտվայի առաջատար Delfi.lt պորտալի հասարակության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկիենեն; (Նոյեմբերի 5);
- Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցի տնօրեն Եկատերինա Սկորոբոգատովան (Նոյեմբերի 12):
«Wikimedia-ի եւ Facebook-ի ներկայացուցիչների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ ընկերությունները գլոբալ խաղացողներն են, եւ հետաքրքիր է ուսումնասիրել նրանց փոխհարաբերությունները տեղական կոնտենտի մատակարարների հետ: Անտոն Նոսիկը ստեղծել է այնպիսի հայտնի պորտալ, ինչպիսին Lenta.ru-ն է, եւ վստահ եմ, որ նրա փորձը շատ հետաքրքիր կլինի դասերի մասնակիցների համար»,-ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Delfi.lt պորտալի ներկայացուցչի ընտրությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ շուկայի ծավալների առումով Լիտվան հեշտ կարելի է համադրել Հայաստանի հետ:
Արա Թադեւոսյանը նշել է, որ Աննա Զնամենսկայան կներկայացնի ցանցային բովանդակության առեւտրայնացման հարցերը, որոնք եւս շատ կարեւոր են:
«Հաճախ մարդկանց թվում է, որ լավ բովանդակությամբ եւ ինտերֆեյսով կայքը բավարար է հաջողակ դառնալու համար, սակայն շատ կարեւոր է լուծել այդ բովանդակության միջոցով գումար վաստակելու խնդիրը»,-ասել է Մեդիամաքս-ի տնօրենը:
Մասնակցությունը վարպետության դասերին լինելու է անվճար: Մեդիամաքս-ը մասնակցության անհատական հրավերներ է ուղարկելու, սակայն սկսնակ ընկերությունները եւ անհատները եւս հնարավորություն ունեն մասնակցության հայտ ներկայացնել` ywm_2011@mediamax.am հասցեին նամակ ուղարկելով: