18:07 | 29.09.11 | Նորություններ | 1823
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների շրջանում անցկացված բնապահպանական թեմայով էսսեների մրցույթը:
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում կայացած միջոցառման ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգեւատրել է 4 բուհի 12 ուսանողի եւ խորհրդատու դասախոսների` նրանց շնորհելով մրցույթին մասնակցության հավաստագրեր, խրախուսական նվերներ եւ դրամական պարգեւ` 300.000-ական դրամի չափով:
«Յուրաքանչյուրը պետք է անկեղծ լինի իր խղճի եւ բնության հանդեպ` ձգտելով աշխարհին նայել վաղվա սերնդի աչքերով: Կարեւոր է գիտակցել, որ խնդիրները լուծելու լավագույն եղանակը դրանք կանխարգելելն է, եւ որ մարդասիրությունը սկսվում է ընդհանուրի բարօրությունը գնահատելու ունակությունից: Ձեզ հաջողվել է վեր հանված թեմայի շրջանակներում մեր իրականությանը նայել հենց այդ տեսանկյունից, ինչը նշանակում է, որ բնապահպանական մեր հնգամյա քարոզարշավը կարողանում է ծառայել իր նպատակին: Դուք կյանքին նայում եք ընդհանուրի շահերը պաշտպանելու տեսանկյունից: Շարունակեք ապրել այդ սկզբունքներով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մրցույթում հաղթած ուսանողների աշխատանքները տեղադրվելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքէջում: