16:44 | 02.06.11 | Նորություններ | 4208

Հունիսի 4-ին մեկնարկում է «ԲարՔեմփ Երեւան 2011»-ը

Երեւան/Մեդիամաքս/. Մոտ 500 ՏՏ մասնագետներ, ճարտարագետներ, ծրագրավորողներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներ հունիսի 4-5-ը կհավաքվեն Երեւանում մասնակցելու «ԲարՔեմփ Երեւան 2011» ոչ պաշտոնական կոնֆերանսին:

«ԲարՔեմփ Երեւան 2011»-ի հովանավորներն ու աջակիցներ են Բիլայնը, Ինտերնյուսը՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում, Օպերա Սոֆթվերը, Դիմ Քոմունիքեյշնսը եւ ՊանԱրմենիան․նեթը:

«BarCamp շարժումը շատ արագ ճանաչվածություն է ձեռք բերում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նոր մեդիաների մասնագետների շրջանում: Դա զարմանալի չէ, քանի որ “չկոնֆերանսի” ձեւաչափը հավասարեցնում է կորպորացիաների ղեկավարներին եւ շարքային օգտագործողներին, սկսնակ եւ հազարավոր ընթերցող ունեցող բլոգերներին: Մենք արժեւորում ենք BarCamp-ի ազատ ստեղծագործ ոգին` այստեղ ողջունելի են օրիգինալ գաղափարներ եւ չկա կեղծ հեղինակությունների հանդեպ արձանագրային պաշտում: Լինելով Հայաստանում ինտերնետի զարգազման առաջատար, մեր ընկերությունը գիտակցում է BarCamp-ի կարեւորությունը որպես նորարարական սոցիալական երեւույթ», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:  

«ԲարՔեմփ Երեւան 2011»-ին հատուկ հյուրի կարգավիճակում զեկուցումներ կկարդան  Վիմպելկոմից ԱՊՀ երկրներում հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Մինաեւը եւ հաղորդակցության մենեջեր Եկատերինա Տուրցեւան, ռուսաստանցի հայտնի բլոգեր Դմիտրի Չերնիշեւը (mi3ch), Օպերա Սոֆթվերը ներկայացնող Չարլզ ՄքՔեթիՆեւիլը:

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու ձեւաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Սիլիքոն Վելլեյում, եւ հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ Այն նաեւ անվանում են (չ)կոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում։