15:39 | 03.05.11 | Նորություններ | 3149
Երեւան: Մեդիամաքս: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը 90 մլն դրամ է հատկացրել «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությանը` Արարատի եւ Արմավիրի մարզերում հանրային նշանակության կառույցների հիմնանորոգման նպատակով:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են բջջային կապի օպերատորի մամուլի ծառայությունում, ներկայումս ընթանում են Զովաշեն գյուղի մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման, պատուհաններն ու դռները նորերով փոխարինելու, մանրահատակի տեղադրման եւ տարածքի վերանորոգման աշխատանքները:
«Պատվի գործ» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում նույն գյուղում կկառուցվի Հայ-ռուսական բարեկամության այգի: Իսկ Արմավիրի մարզում վերանորոգվել է Օշականի ճակատամարտի ընթացքում Սբ. Էջմիածինը պարսկական հարձակումից փրկած ռուս զինվորի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:
«Հայ ժողովուրդը միշտ եղել է քաղաքակիրթ այն ազգերի թվում, որոնք գնահատել են ժողովուրդների միջեւ բարեկամությունը: Մեզանում հայ-ռուսական հարաբերությունների արժեւորումն արտահայտվել է նաեւ մշակույթի լեզվով: Դրա վկայությունն են արդեն ձեռնարկված քայլերը», - ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Գեղեցիկ ապրելու արվեստը պարտավորեցնում է գնահատել ոչ միայն ճարտարապետության լեզվով արտահայտված մարդկային երեւակայության արդյունքը, այլեւ այն ամենը, ինչ պարգեւել է մայր բնությունը: Այս այգին ներկայացնում է այդ երկուսի համադրությունը», - ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը: