17:44 | 02.05.11 | Նորություններ | 3153

“ԱրմենՏել”-ը հովանավորել է Անիի հոբելյանին նվիրված ցուցահանդեսը

Երեւան: Մեդիամաքս: “ԱրմենՏել” ընկերությունը հովանավորել է Անի քաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված հայ ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ցուցահանդեսը կազմակերպվել է Աշխարհի հայ նկարիչների միավորման կողմից` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո

Ցուցահանդեսի նախապատրաստման շրջանակներում 26 նկարիչ այցելել է Անի, որտեղ կատարված էտյուդները հիմք են հանդիսացել ցուցահանդեսին ներկայացված 72 աշխատանքի համար:

“Առաջին անգամ ես տեսա Անի քաղաքը հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարներում: Այսօր` ավելի քան 1000 տարի անց, չի մոռացվել հին մայրաքաղաքի գեղեցկությունը: Հուսով եմ, որ ցուցահանդեսի այցելուները կգնահատեն Անիի ճարտարապետական եւ մշակութային արժեքը”, - նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Անի քաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսը հերթական նախաձեռնություն է, որին աջակցում է “ԱրմենՏել” ընկերությունը: Աշխարհի հայ նկարիչների միավորման անունից ուզում եմ  շնորհակալություն հայտնել ընկերությանը մեր երկրի մշակութային կյանքին մասնակցելու եւ հայ նկարիչների երիտասարդ սերնդի դաստիարակման գործում ներդրում կատարելու համար”, - ասել է Աշխարհի հայ նկարիչների միավորման նախագահ Ղազար Միրզոյանը:

Ցուցահանդեսը գործում է “Ակադեմիա” պատկերասրահում մայիսի 2-ից 15-ը: Այն բաց է բոլոր ցանկացողների համար: