10:12 | 03.09.10 | Նորություններ | 2939
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գործառնական զուտ հասույթը 2010թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6.5%-ով` կազմելով 17 մլրդ 73 մլն դրամ ($44,5 մլն):
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «Վիմպելկոմ ԼՏԴ»-ի ֆինանսական ու գործառնական ցուցանիշները, «ԱրմենՏել»-ի գործառնական զուտ հասույթը բջջային եւ ֆիքսված բիզնեսից 2010թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է, համապատասխանաբար, 8,3% (6 մլրդ 701 մլն դրամ) եւ 5,2%-ով (10 մլրդ 372 մլն դրամ):
«ԱրմենՏել»-ի գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների մաշվածության պահումը (OIBDA) ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 7 մլրդ 331 մլն դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 20,5%-ով:
Բջջային հատվածում «ԱրմենՏել»-ի բաժանորդային պայմանագրերի թիվը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 16,7%-ով` ընթացիկ տարվա հունիսի 30-ին կազմելով 567 հազ., իսկ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 158,9%-ով (կամ 30,5 հազարով)` կազմելով 49.7 հազ.:
Հայաստանում բջջային կապի մեկ բաժանորդից Beeline-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) երկրորդ եռամսյակում կազմել է 3 975 դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 21.1%-ով: Միաժամանակ, մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի օգտագործած րոպեների քանակը (MOU) երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.3%-ով` կազմելով 270.1 րոպե: