12:44 | 05.10.09 | Նորություններ | 3432

ADC-ն ներկայացրել է նոր Fastclick ծառայությունը

Երեւան /Մեդիամաքս/. Armenian Datacom Company-ն (ADC) ներկայացրել է նոր Fastclick ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետին միանալ էլեկտրական հոսանքի սովորական վարդակների միջոցով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ADC կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանը տեղեկացրել է, որ ընկերությունը շենքերում հատուկ  օպտիկամանրաթելային մալուխ է անցկացնում, տեղադրում է իր սարքավորումները բաշխիչ էլեկտրական գծերի վրա, իսկ օգտագործողը հատուկ մոդեմը միացնելով վարդակին եւ համակարգչին` ստանում է լայնաշերտ ինտերնետին միանալու հնարավորություն:

Այս ծառայության սակագները սկսվում են ամսական 8000 դրամից: Միացման վճարը` սկսած 18 հազար դրամից (որից 8000 դրամը ծառայության օգտագործման առաջին ամսվա ընթացքում վճարվող գումարն է):

Ընկերության կոմերցիոն տնօրենի խոսքերով, ներկայումս Fastclick ծառայությունը թեստային ռեժիմով տրամադրվում է Երեւանի երեք բնակավայրերում` Ամիրյան եւ Զաքյան փողոցների խաչմերուկում, Մերգելյանի անվան ինտիտուտին հարող Արամ Խաչատուրյանի փողոցի հատվածում ու Դավիթաշեն թաղամասի 4-րդ հատվածում: «Այս ծառայությանը միացել են արդեն 190 բնակարաններ», - ասել է Ավետիք Քալանթարյանը` նշելով, որ քաղաքում ծառայության տարածման արագությունը կախված է պահանջարկից:

ADC կոմերցիան տնօրենը տեղեկացրել է, որ մոտ ապագայում ընկերությունը կնախաձեռնի տվյալ ծառայությունը գովազդող խոշոր մարքեթինգային արշավ` նշելով, որ ինտերնետին միանալու ցանկացողները կարող են գրանցվել www.fastclick.am ինտերնետային կայքում: