12:32 | 05.10.09 | Նորություններ | 3015

ADC-ն ներկայացրել է հոսթինգային նոր լուծումներ

Երեւան /Մեդիամաքս/. Armenian Datacom Company-ն (ADC) Digitec EXPO 2009 ցուցահանդեսում ներկայացրել է ինտերնետ կապի եւ հոսթինգի բնագավառի նոր լուծումներ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ADC-ի կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանը տեղեկացրել է, որ ընկերությունը մատուցում է առանձնացված վիրտուալ սերվերի (Virtual dedicated server - VDS), առանձնացված սերվերի (Dedicated server), ինչպես նաեւ ADC տվյալների կենտրոնում համատեղակայնացման ծառայություններ:

Առանձնացված վիրտուլ սերվերն իրենից ներկայացնում է վիրտուալ երկու մասերից բաղկացած ֆիզիկական սերվեր, որը վարձակալության հիմունքներով տրամադրվում է ընկերություններին: 

«VDS տեխնոլոգիան առաձնացնում է սերվերը, օպերատիվ հիշողությունը եւ ցանցային պաշարները` ստեղծելով հոսթինգի վստահելի մթնոլորտ: Յուրաքանչյուր VDS ունի իր օպերացիոն համակարգը, եւ որեւէ VDS-ի հետ առաջացած խնդիրները չեն անդրադառնում միեւնույն ֆիզիկական սերվերի վրա տեղակայված, սակայն միմյանցից վիտուալ կերպով առանձնացված մնացած սերվերների աշխատանքի վրա»,- ասել է Ավետիք Քալանթարյանը` նշելով, որ ընկերությունն ապահովում է սերվերների բարձր անվտանգությունն արտաքին գրոհներից:

Ներկայացնելով առաձնացված սերվերի ծառայությունը (dedicated server)` Ավետիք Քալանթարյանն ասել է, որ այն մատուցվում է առավելապես խոշոր ընկերություններին, մասնավորապես` բանկերին: ADC-ի կոմերցիոն տնօրենի խոսքերով, ձեռք բերելով այս ծառայությունը` ընկերությունները սերվերի վերահսկման եւ վարչական կառավարման լիարժեք հնարավորություն են ստանում:

Երրորդ նորույթը` համատեղայնացման ծառայությունը, հոսթինգային լուծում է առաջարկում այնպիսի ընկերություններին, որոնք ձգտում են քիչ ներդրումներով հատուկ պայմաններ ստեղծել իրենց սերվերների տեղակայման համար: «Համատեղակայնացումը թույլ է տալիս ընկերություններին տեղադրել սեփական սերվերները ADC-ի տվյալների կենտրոնում` ապահովելով սարքերի անխափան եւ անվտանգ աշխատանքը»,- ասել է Ավետիք Քալանթարյանը: