14:44 | 27.07.09 | Նորություններ | 3644

Հայկական վիրտուալ համալսարանի առաջին դասախոսություններին մասնակցում են 150 ուսանողներ 22 երկրներից

Երեւան /Մեդիամաքս/. Հայկական վիրտուալ համալսարանի /ՀՎՀ/ առաջին դասախոսություններին մասնակցում են 150 ուսանողներ 22 երկրներից:

ՀՎՀ-ի ստեղծման նախաձեռնողը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն /ՀԲԸՄ/ է:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀԲԸՄ երեւանյան գրասենյակում, ուսանողները 18-ից մինչեւ 82 տարեկան անձինք են Շանհայից, Ստամբուլից, Սիեթլից, Կիեւից, Հաագայից, Ամանից եւ այլ քաղաքներից:

Պարապմունքների ընթացքում ուսանողներին առաջարկվում է լսել 16 մուլտիմեդիային դասախոսություններ 6 լեզուներից մեկով` հայերեն, արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն: Համալսարանում դասավանդվում է հայերեն սկսնակների համար, արեւմտահայերեն սկսնակների համար եւ Հայաստանի պատմություն:

Դասերը սկսվել են հունիսի 14-ին եւ տեւելու են մինչեւ օգոստոսի 7-ը: Դասընթացի բոլոր ծախսերը ստանձնել է ՀԲԸՄ-ն:

Բացի շաբաթական պարապմունքներից, ուսանողները հնարավորություն ունեն օգտագործել մուլտիմեդիա ուսումնական գործիքներ. խնդիրներ, հանձնարարություններ, դասացուցակ, դասընթացի նկարագրություններ, հանձնարարությունների արկղեր: Ավելին, նրանք հնարավորություն կունենան մասնակցել քննարկումների, ստանալ եւ ուղարկել էլեկտրոնային նամակներ, չաթի միջոցով շփվել համակուրսեցիների հետ:

Ուսանողների աշնանային ընդունելությունը սկսվում է օգոստոսի 31-ից եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 14-ը: Ամառային ուսումնական շրջանի ուսանողներն ուսուցումը կարող են շարունակել աշնանային ուսումնական շրջանում, որի ընթացքում նրանց կառաջարկվեն մի շարք նոր առարկաներ, մասնավորապես` հայկական ճարտարապետության ներածություն:

Շահագրգիռ անձինք կարող են գրանցվել http://www.avc-agbu.org կայքում:

Կայքի հաճախորդները բաժանվում են երեք խմբի` վիրտուալ համալսարանի ընկերներ, գրանցված մասնակիցներ եւ ուսանողներ:

Աշնանային 9-շաբաթյա դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերի 22-ին: Ուսման վարձի մասին կհայտարարվի մոտ ապագայում: Միաժամանակ, եթե ուսանողը գերազանց հանձնի բոլոր քննությունները, նրան ետ կվերադարձվի ողջ գումարը: Գործելու են նաեւ զեղչեր սոցիալապես անապահով ուսանողների համար: