18:36 | 24.07.09 | Նորություններ | 3896

Իէն Գիլլանը դիտարկում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի հնարավորությունը

Երեւան /Մեդիամաքս/. Deep Purple ռոք-խմբի երգիչ Իէն Գիլլանը դիտարկում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի հնարավորությունը:

Իէն Գիլլանի մենեջեր Ֆիլ Բենֆիլդի այդ հայտարարությունն այսօր Երեւանում ներկայացրել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:

“Չնայած Իէն Գիլլանի եւ Deep Purple խմբի լարված ժամանակացույցին, մենք դիտարկում ենք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի հնարավորությունը: Իէն Գիլլանն այս տարվա հոկտեմբերին Երեւանում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նա հույս ունի, որ այդ ժամանակ կհայտարարի Հայաստանում իր համերգի օրը”, - ասվում է Ֆիլ Բենֆիլդի հայտարարության մեջ:

Իէն Գիլլանը, Black Sabbath ռոք-խմբի հիմնադիր անդամ Թոնի Այոմին եւ Asia ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջեֆրի Դաունսը “Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի շրջանակներում հոկտեմբերի սկզբին կայցելեն Երեւան, որտեղ նրանց կհանձնվեն ՀՀ Պատվո շքանշաններ: Շարունակվում են Queen ռոք-խմբի հիմնադիր անդամ Բրայան Մեյի եւ “Pink Floyd” ռոք-խմբի հիմնադիր անդամ Դէվիդ Գիլմորի` Երեւան այցելելուն ուղղված բանակցությունները. նրանք եւս պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով:

“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագիծը համատեղ իրականացնում են ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունը եւ ավստրալիական “Do Something” բարեգործական կազմակերպությունը` ՀՀ նախագահի աշխատակազմի օժանդակությամբ: Նախագծի գլխավոր հովանավորը “ՀայՌուսգազարդ” ընկերությունն է: Նախագծի գործընկերը Armenia Marriott հյուրանոցն է: