17:27 | 24.07.09 | Նորություններ | 2660

ՀՀ նախագահը պարգեւատրել է բրիտանական ռոք-աստղերին Պատվո շքանշանով

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել բրիտանական ռոք-աստղերին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացել է Armenia Grateful 2 Rock (“Հայաստանը շնորհակալ է ռոքին”) նախագծի շնորհանդեսը,  որի ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանն ընթերցել է Rock Aid Armenia (“Ռոքն օգնում է Հայաստանին”) նախագծի ամենաակտիվ մասնակիցներին ՙհայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերած զգալի եւ շարունակական աջակցության համար՚ Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերը:

ՀՀ Պատվո շքանշանով պարգեւատրվել են.

- “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի կազմակերպիչ, ավստրալիական “Do Something” բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին;
- “Deep Purple” ռոք-խմբի հիմնադիր անդամ Իէն Գիլլանը;
- “Black Sabbath” ռոք-խմբի հիմնադիր անդամ Թոնի Այոմին;
- “Queen” ռոք-խմբի հիմնադիր անդամ Բրայան Մեյը;
- “Pink Floyd” ռոք-խմբի հիմնադիր անդամ Դէվիդ Գիլմորը;
- “Asia” ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջեֆրի Դաունսը:

“Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի շրջանակներում բրիտանական ռոք-աստղերը 1989 թվականին ձայնագրել են Deep Purple խմբի Smoke on the Water երգի քավեր-տարբերակը եւ թողարկել են հատուկ Earthquake Album-ը, որի վաճառքից ստացված բոլոր միջոցներն ուղարկվել էին Հայաստանին` 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած գոտի:

“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի նպատակը “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի մասնակիցներին շնորհակալություն հայտնելն է:

“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագիծը համատեղ իրականացնում են ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունը եւ ավստրալիական “Do Something” բարեգործական կազմակերպությունը` ՀՀ նախագահի աշխատակազմի օժանդակությամբ:

Նախագծի գլխավոր հովանավորը “ՀայՌուսգազարդ” ընկերությունն է, որը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակում: Նախագծի գործընկերը Armenia Marriott հյուրանոցն է: