09:20 | 06.07.09 | Նորություններ | 5570

«Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի բիզնես գործընթացների աութսորսինգի վրա»

Վահան Վարդանյանը «Ռենեսանս Կապիտալ»-ում սկսել է աշխատել 2004 թվականին` գլխավորելով ռազմավարական նախագծերի բաժինը: 2005 թվականից նա ղեկավարում է «Ռենեսանս Կապիտալ» խմբի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը:

Այդ պաշտոնում Վահան Վարդանյանը IT-գործառույթը վերափոխել է ռազմավարական բիզնես գործընկերոջ: Դա, իր հերթին, խմբին թույլ է տալիս ամեն տարի կրկնապատկել վաճառքի ծավալները, ընդլայնել ներկայությունը ԱՊՀ, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում, գործարկել ինտերնետ թրեյդինգի բիզնեսը, ընդլայնել դերիվատիվներով գործառնությունների բիզնեսը եւ այլն:

Մինչեւ «Ռենեսանս» գալը Վահան Վարդանյանն աշխատել է BearingPoint եւ KPMG ընկերություններում, զբաղվել է ԱՄՆ-ի եւ ԱՊՀ-ի ֆինանսական հատվածի համար ռազմավարությունների եւ ՏՏ լուծումների մշակմամբ: 2002 թվականին Վահանը USAID-ի մաքսային եւ հարկային բարեփոխումների ծրագրի աջակցման նախագծի շրջանակներում խորհրդատվություն է տրամադրել Հայաստանի մաքսային կոմիտեին նոր տեխնոլոգիական հարթակի ստեղծման հարցերում:

2008 թվականին Վահան Վարդանյանը դարձել է «IT-ԼԻԴԵՐ» ամենամյա ռուսաստանյան ազգային մրցանակաբաշխության դափնեկիր` «Ներդրումային-ֆինանսական ընկերություններ» անվանակարգում: Նույն թվականին «Կոմերսանտ» թերթը Վահանին անվանել է ֆինանսական ծառայությունների բնագավառի լավագույն ՏՏ տնօրեն: 

Վահան Վարդանյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ունի բոստոնյան McCallum Graduate School of Business-ի Bentley համալսարանի MBA աստիճան: 2009 թվականին Վահանը Հարվարդի բիզնես դպրոցում ավարտել է Advanced Management Program-ը:

«Ռենեսանս Կապիտալ» ներդրումային խումբը հիմնվել է 1995 թ-ին Մոսկվայում: Վերջին տասնամյակի ընթացքում խումբն ընդլայնել է իր ներկայությունը եւ առաջատարի դիրք է զբաղեցրել հեռանկարային զարգացող շուկաներում, այդ թվում` Սահարայից հարավ ընկած աֆրիկյան, Մերձավոր Արեւելքի եւ ԱՊՀ երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում: 

Վահան Վարդանյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը, Banks.am եւ Itel.am պորտալներին

- Տպավորություն կա, որ ՏՏ-ն դեռեւս կարեւոր դերակատարություն չունի Հայաստանում բիզնեսի զարգացման գործում: Ո՞րն է պատճառը:

- Տեղեկատվական տեխնոլոգիաները հաջողությամբ զարգանում են այն երկրներում, ուր կա լավ զարգացած ներքին շուկա: Հայաստանի չափսերը եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակը ՏՏ ոլորտին խոչընդոտող օբյեկտիվ գործոններ, որոնք թույլ չեն տալիս զարգանալ այն ծավալով, որ գոյություն ունի ԱՄՆ-ում եւ եվրոպական զարգացած երկրներում:

Կա եւս մեկ խնդիր. մենք շատ ենք խոսում այն մասին, որ ՏՏ-ն հայաստանյան տնտեսության առաջնահերթություններից է, սակայն քանակի առումով այդ հատվածում գործունեություն են ծավալում ոչ շատ մեծ թվով մարդիկ: 

- Բիզնեսում ՏՏ-ի լիարժեք զարգացումն անհնար է առանց ինտերնետի բավարար զարգացվածության: Այս տարի ՀՀ շուկա են մտել մի քանի նոր պրովայդերներ, իսկ գործող դերակատարներն ընդլայնում են իրենց ծառայությունների շրջանակը: Կարո՞ղ է դա նպաստել Հայաստանի բիզնես գործընթացներում ՏՏ-ի ավելի ակտիվ ներդրմանը:

- Տեղեկատվական ցանցերի եւ ինտերնետի զարգացումը աշխարհում աութսորսինգային ծառայությունների ակտիվ զարգացման պատճառ դարձավ: Հեռահաղորդակցային կապուղիները հնարավորություն տվեցին ստեղծել եւ շահագործել աշխատանքային հարթակներ երկրի սահմաններից դուրս:

Հայաստանում երկար ժամանակ գոյություն ուներ հեռահաղորդակցային ծառայությունների մենաշնորհ, ինչը դարձավ երկրի տեխնոլոգիական զարգացման դանդաղեցման լուրջ պատճառ ընդհանրապես եւ ՏՏ արդյունաբերությունում` մասնավորապես:

Ինտերնետային ծատայությունների ապամենաշնորհումը, անկասկած, ընկերություններին հնարավորություն կտա դուրս գալ զարգացման որակապես նոր մակարդակ: Դա բացում է ոչ միայն ծրագրային լուծումների աութսորսինգի, այլեւ բիզնես գործընթացների կազմակերպման հեռանկարներ: Այս դեպքում խոսքը կարող է գնալ call-կենտրոնների կազմակերպման, ֆինանսական գործարքների իրականացման մասին, եւ ալն: Կարծում եմ, որ հենց բիզնես գործընթացների աութսորսինգը կարող է լրացուցիչ խթան հաղորդել հայաստանյան տնտեսության մեջ ՏՏ ներդրումն ընդլայնելուն:

- Ո՞վ պետք է նախաձեռնի բիզնես գործընթացների աութսորսինգի զարգացումը` մասնավոր ընկերություննե՞րը: Գուցե կառավարությու՞նը պետք է դրա համար ստեղծի որոշակի պայմաններ:

- Նախաձեռնությունը պետք է բխի մասնավոր հատվածից, իսկ պետության խնդիրն է ստեղծել միջավայր եւ նախնական փուլում` բարենպաստ ռեժիմ: Ես չգիտեմ այնպիսի երկրներ, բացառությամբ Սինգապուրը, որոնցում նման բիզնես նախաձեռնությունները պետական կառույցների կողմից են առաջ քաշվում:

Ցավոք, վերջին տարիներին Հայաստանում բիզնեսը չափից շատ է ներփակվել իր մեջ եւ բավարար ուշադրությամբ չի հետեւում նրան, թե ինչ է տեղի ունենում երկրի սահմաններից դուրս: Երբ խոսում ենք աութսորսինգի մասին, շատ հաճախ շեշտադրում ենք միայն ծրագրավորումը: Բիզնես գործընթացների աութսորսինգի դեպքում կան մի քանի լավ օրինակներ: Օրինակ, ամերիկյան որոշ կլինիկաներ աութսորսինգի միջոցով կատարում են նախնական ախտորոշում կամ ռենտգենային լուսանկարների վերլուծություն: Հայաստանի համար հետաքրքիր կարող է լինել նաեւ աութսորսինգային ինժեներային, ճարտարագիտական կամ դիզայներական ծառայությունների մատուցման օրինակը:

Կարծում եմ, որ բիզնես գործընթացների աութսորսինգի զարգացմանը կարող է նպաստել դրա նկատմամբ հայկական սփյուռքի հաջողակ ներկայացուցիչների հետաքրքրությունը, ովքեր կարող են Հայաստանում ստեղծել տարբեր տեսակի հարթակներ:  

- Ենթադրենք, բիզնես գործընթացների աութսորսինգը այս կամ այն կերպ կդառնա ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը: Պակաս կարեւոր չէ նաեւ մեկ այլ հարց` մրցունա՞կ է արդյոք Հայաստանը միջազգային դերակատարների աչքերում:

- Կարծում եմ, որ Հայաստանի թույլ կողմը անբավարար փորձն է եւ բիզնես կարգապահության հարաբերական ցածր մակարդակը: Պետք է հասկանալ, որ բիզնես գործընթացների աութսորսինգը ենթադրում է աշխատանք խիստ վերահսկողության եւ ժամանակային պրեսինգի պայմաններում:

Հայաստանի դրական կողմը բավականաչափ որակյալ մասնագետների առկայությունն է մի շարք բնագավառներում: Սակայն նրանց խնդիրն այն է, որ աշխատում են հիմնականում սահմանափակ ներքին շուկայի համար, եւ աճի խնդիրը լուծելու համար պետք է «թեքվեն» դեպի արտաքին շուկա: Ներկայումս Հայաստանը դեռեւս մրցունակ է ծառայությունների արժեքի եւ անձնակազմի տեսանկյունից, սակայն անհրաժեշտ է մշտապես հետեւել այլ երկրներում նման ծառայությունների արժեքի հետ կապված շուկայական պայմաններին եւ այդ շուկայում այնպիսի նոր խաղացողների ի հայտ գալուն, ինչպիսիք են, օրինակ, Վիետնամը կամ Արգենտինան:

- Ինչպիսի՞ն է ՏՏ թափանցելիության մակարդակը ՀՀ ֆինանսական հատվածում, եւ որքանո՞վ են շուկայի մասնակիցները բաց նոր տեխնոլոգիական լուծումների օգտագործման համար:

- Հայաստանի ֆինանսական հատվածը տնտեսության այլ ոլորտների համեմատ բավականաչափ զարգացած է: Որքան գիտեմ, դեռեւս չի կարելի պնդել, որ հայաստանյան բանկերի մեծամասնությունն այսօր համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին գործընթացների ավտոմատացման եւ ՏՏ ներդրման առումով: Մյուս կողմից, բանկերը հանդես են գալիս որպես տնտեսության իրավիճակի լակմուսային թեսթ: Եթե տնտեսությունն ուժեղ է, այն ուժեղ ֆինանսական համակարգի կարիք ունի եւ ավելի խիստ պահանջներ է առաջադրում: Կարծում եմ` այդ ոլորտի վրա ազդող դրական գործոնը Հայաստանի բանկերում արտասահմանյան մասնակցության եւ կապիտալի ներգրավումն է, ինչն, անկասկած, նպաստում է մրցունակության բարձրացմանը, նոր ծառայությունների մատուցմանն ու նոր տեխնոլոգիաների ներդրմանը:

ՀՀ ֆինանսական համակարգի առանձնահատկությունն այն է, որ բանկերը մեծամասամբ սպասարկում են երկի սահմաններում կատարվող գործառնությունները, նրանք չունեն բավարար թվով միջազգային հաճախորդներ եւ գործառնություններ, եւ դա խիստ սահամանափակում է նրանց ուժեղացված տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով գործարքների եւ հաճախորդների քանակը` հայաստանյան բանկերում ավտոմատացման մակարդակը, ըստ իս, ընդունելի մակարդակում է:

- Սպասվում է, որ Համահայկական բանկը կդառնա գլոբալ մանրածախ բանկ, որը կսպասարկի հայերին` անկախ նրանց բնակության երկրից: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք նման ինստիտուտի ստեղծումը խթանել ֆինանսական ոլորտի տեխնոլոգիական զարգացումը:

- Համահայկական բանկի գաղափարը շատ հետաքրքիր է: Բանկային տեխնոլոգիաների ոլորտը վերջին 10-15 տարիներին շատ ակտիվ զարգացել է, եւ կան մի շարք միջազգային լուծումներ, որոնք օգտագործում են մեծ բանկերը: Կարծում եմ, Համահայկական բանկի պարագայում արժե օգտագործել կուտակված փորձը, այլ ոչ թե զրոյից նոր բան ստեղծել: Դժվար է ակնկալել, որ Համահայկական բանկի ստեղծումը մեծ խթան կհանդիսանա Հայաստանում ՏՏ-ի զարգացման համար, բայց, անկասկած, դա կնպաստի հեռահաղորդակցության, վերահսկողության համակարգերի եւ գործընթացների որակի նկատմամբ պահանջների բարձրացմանը: Բանկի կողմից օտարերկրյա հաճախորդների սպասարկումը, հավանաբար, պետք է համապատասխանի այն երկրների կարգավորիչների պահանջներին, որոնց քաղաքացիները կհանդիսանան բանկի հաճախորդները: