13:31 | 02.07.09 | Նորություններ | 3548

ՀՀ նախագահը պարգեւատրել է «Կենգուրու 2009» մրցույթի հաղթողներին

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է Հայաստանի հանրակրթական դպրոցների մեդալակիր շրջանավարտներին եւ «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կրթությունը եւ ինտելեկտը թույլ են տալիս դառնալ լավ մարդ եւ երկրի արժանի քաղաքացի:

«Ձեր առավելությունն այն է, որ դուք տարբերվում եք ձեր լավագույն որակներով եւ կարող եք դիմակայել առաջիկա մարտահրավերներին», - ասել է ՀՀ նախագահը: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը կոչ է արել հիշել, որ ոչ միշտ է «նպատակը արդարացնում միջոցները»: 

Երկի ղեկավարը հանրակրթական դպրոցների 31 շրջանավարտներին հանձնել է ոսկե մեդալներ, իսկ «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի 3 հաղթողներին` ուղեգրեր Ռումինիայի միջազգային ամառային ճամբար:

ՀՀ նախագահը հավաստագրեր է հանձնել նաեւ «Կենգուրու 2009» մրցույթի 11 մասնակիցների` իրենց մարզերում լավագույն արդյունքների համար:

Պատասխանելով դպրոցականների հարցերին` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ մարզերի հավասարաչափ զարգացումն երկրի ղեկավարության առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից մեկն է: Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը մշակել է մարզերի հավասարաչափ զարգացման ծրագիր, եւ նշել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարումից հետո կառավարությունը առավելագույն ջանքեր կգործադրի դրա իրագործման համար: