11:46 | 01.07.09 | Նորություններ | 3822
Երեւան /Մեդիամաքս/. Microsoft-ը մտադիր է բարձրացնել Հայաստանում կրթության արդյունավետությունը տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ միջոցով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած «Տեխնոլոգիաների եւ նորարար մեթոդների օգտագործումը հանրակրթության համակարգում» համաժողովում հայտարարել է Microsoft-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Նրա խոսքերով, տեղեկատվական տեխնոլոգիաներն օրեցօր ավելի շատ տեղ են զբաղեցնում մեր կյանքում եւ արդեն մատչելի են շատերին: Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ կրթության ոլորտում Microsoft-ի առջեւ դրված է երկու խնդիր` ինչպես նախապատրաստել երիտասարդությանը 21-րդ դարի համար եւ ինչպես օգտագործել ՏՏ-ն ոչ տեխնիկական առարկաների դասավանդման ընթացքում:
Ինչպես նշել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը, Microsoft-ի համագործակցությունը ՀՀ կրթության նախարարության հետ շարունակվում է արդեն մի քանի տարի: Նա հայտնել է, որ ստորագրվել է համագործակցության մասին երկու պայմանագիր, որոնց շրջանակներում ուսումնական հաստատություններն ապահովվել են արտոնագրված ծրագրերով, իսկ ներկայումս իրականացվում է նորարարական դպրոցներին, ուսուցիչներին եւ աշակերտներին նվիրված նախագիծը:
Microsoft-ի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանի խոսքերով, Microsoft-ը հսկայական նշանակություն է տալիս կրթությանը: Այսպես, 2003 թվականից «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում ամբողջ աշխարհում Microsoft-ը ֆինանսավորել է $500 մլն-ի մի քանի հարյուր նախագծեր: Հայաստանն այդ ծրագրին մասնակցում է 2008 թվականից: