13:45 | 10.06.09 | Նորություններ | 4398

“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ը գործարկել է հեռախոսային բանկային ծառայությունը

Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ը գործարկել է հեռախոսային բանկային ծառայությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր Երեւանում ներկայացնելով հեռախոսային բանկային համակարգը` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը տեղեկացրել է, որ այդ ծառայությունը բանկի հաճախորդներին թույլ է տալիս կատարել ցանկացած անկանխիկ բանկային գործառնություններ` զանգահարելով 515 000 համարին:

“Նոր ծառայության միջոցով բանկի հաճախորդները կարող են հարցումներ կատարել իրենց հաշիվների մնացորդի վերաբեյալ, կատարել վճարումներ, տարբեր արտարժույթներով գումար փոխանցել Հայաստան եւ արտերկիր”,- ասել է Թիմ Սլեյթերը` նշելով, որ հեռախոսային բանկային ծառայությունը անվճար է եւ հասանելի է աշխատանքային օրերին` ժամը 08:00-ից 23:00-ը, իսկ ոչ աշխատանքային օրերին` 11:00-ից 20:00-ը:

Թիմ Սլեյթերն ընդգծել է, որ բոլոր գործարքների անվտանգությունը երաշխավորվում է հաճախորդների վավերականացման եւ անվտանգության համապարփակ ընթացակարգերի շնորհիվ, որոնք մշակվել են հատուկ հեռախոսային բանկային ծառայությունների համար:

Բանկի գլխավոր գործադիր տնօրենը հայտնել է, որ հեռախոսային բանկային ծառայություններից օգտվելու համար հաճախորդը բանկի հետ պետք է համապատըասխան պայմանագիր կնքի` հավելելով, որ այդ ծառայությունից արդեն օգտվում են 6700 հաճախորդներ: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի հաճախորդների ընդհանուր թիվը, Թիմ Սլեյթերի խոսքերով, կազմում է շուրջ 45 հազար:

Բանկի ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ այս տարվա հուլիսին “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ը ներդնելու է նաեւ ինտերնետային բանկային ծառայություններ: