11:01 | 10.06.09 | Նորություններ | 3849

Orange Armenia-ն շեշտը կդնի հատկապես ինտերնետի վրա

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն շեշտը կդնի հատկապես ինտերնետային ծառայությունների մատուցման վրա:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է France Telecom-ի փոխնախագահ Օլաֆ Սուանտին, ով հունիսի 9-ին այցով գտնվում էր Երեւանում:  

Նա նշել է, որ Orange Armenia-ն իր բաժանորդներին առաջարկելու է “նորարարական ծառայություններ” ինչպես ինտերնետի, այնպես էլ ձայնային ծառայությունների ոլորտում: Ընկերությունը շուկա է դուրս գալու 2009թ. 3-րդ եռամսյակի վերջում - 4-րդ եռամսյակի սկզբում:

Օլաֆ Սուանտին նշել է, որ France Telecom-ը Հայաստանում երկարաժամկետ ծրագրեր ունի, եւ $ 200 մլն-ի չափով հայտարարված ներդրումներն իրականացվելու են ամբողջ ծավալով: Այս տարի ներդրումների ծավալը կազմելու է $80 մլն:

France Telecom-ի փոխնախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ իշխանություններիր հետ համագործակցության մակարդակից` նշելով, որ “պետության առաջնորդները հավատարիմ են հեռահաղորդակցային շուկայի զարգացմանը”:

Պատասխանելով Orange Armenia-ի կողմից Հայաստանում հեռախոսների եւ այլ սարքավորումների վաճառքի հեռանկարների մասին հարցին` Օլաֆ Սուանտին ընդգծել է, որ “France Telecom-ը շատ լավ գործընկերային հարաբերությունների մեջ է Apple-ի, Nokia-ի եւ այլ արտադրողների հետ, եւ մեր այդ գործընկերություններն որեւէ ձեւով արտացոլում կգտնի նաեւ Հայաստանում”: