10:43 | 02.06.09 | Նորություններ | 4347

Մեր երիտասարդ մասնագետները հսկայական ներուժ ունեն

Ապրիլի 28-29-ը Մոսկվայում կայացավ “Կասպերսկու լաբորատորիայի” կողմից կազմակերպված` “Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը նոր սերնդի համար” միջազգային երիտասարդական մրցույթ-համաժողովը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /ՀՊՃՀ/ համակարգչային համակարգերի եւ ինֆորմատիկայի բաժնի մագիստրատուրայի ուսանողուհի Նինա Ազիզյանի “Կրիպտոգրաֆիայի համակարգը” աշխատանքը մրցույթում պարգեւատրվեց առաջին կարգի երեք դիպլոմներից մեկով:

Նինա Ազիզյանը պատասխանել է Itel.am պորտալի հարցերին:

- Ձեր աշխատանքը հաղթել է “Կասպերսկու լաբորատորիայի” մրցույթում: Ինչպե՞ս եւ ե՞րբ է ստեղծվել աշխատանքը եւ ինչպիսի՞ն է դրա գործնական կիրառությունը:

- Մրցույթում հաղթել է “Կրիպտոգրաֆիայի համակարգը” աշխատանքի վերաբերյալ զեկույցը. մրցույթը գիտական էր, եւ մասնակիցները հանդես էին գալիս այս կամ այն աշխատանքի վերաբերյալ զեկույցով: Աշխատանքը գրվել է 2 տարի առաջ` մեր համալսարանում գործնական եւ լաբորատոր կիրառության նպատակով: “Կրիպտոգրաֆիայի համակարգի” վրա աշխատել են շուրջ 20 ուսանողներ:

Մեր աշխատանքն իր տեսակի մեջ եզակի է եւ պարունակում է մեծածավալ տեղեկատվություն կրիպտոգրաֆիական, գաղտնագրման ալգորիթմների մասին: Մենք այդպիսի աշխատանք փնտրել ենք համացանցում, սակայն նմանատիպ ոչինչ չենք հայտնաբերել:

Մեր մշակած կրիպտոգրաֆիայի համակարգը հաջողությամբ կիրառվում է ՀՊՃՀ ուսուցման գործընթացքում: Մենք նաեւ ծրագրում ենք մշակել մեր համալսարանում ուսուցման օն-լայն համակարգ, որպեսզի Հայաստանի սահամաններից դուրս գտնվող ուսանողները կարողանան կրիպտոգրաֆիայի համակարգն օգտագործել իրենց լաբորատոր եւ գործնական աշխատանքներում:

- Ի՞նչ է տվել Ձեզ մասնակցությունն այդ մրցույթին, կարո՞ղ է արդյոք այն Ձեր առջեւ բացել նոր գիտական եւ կոմերցիոն հնարավորություններ:

- Մրցույթում հաղթելուց հետո ես Ռուսաստանի բուհերի հետ համագործակցելու մի քանի առաջարկ եմ ստացել: Ռուսաստանյան ուսումնական հաստատությունները հետաքրքրվել են “Կրիպտոգրաֆիայի համակարգը” աշխատանքով, եւ այժմ բանակցություններ են ընթանում այն ռուսերեն լեզվով թարգմանելու ուղղությամբ: 

Բացի այդ, մրցույթում հաղթանակը մեր համալսարանին հնարավորություն տվեց դառնալ “Կասպերսկու լաբորատորիայի” Ակադեմիայի անդամ, ինչը թույլ է տալիս օգտվել լաբորատորիայի բոլոր դասախոսություններից եւ գիտական աշխատանքներից: Դա հատկապես կարեւոր է, քանի որ 2009թ. սեպտեմբերից ես դասախոսելու եմ ՀՊՃՀ-ում “Համակարգչային վիրուսներ” թեմայով, եւ նման համբավ վայելող տեղեկատվությունից օգտվելը շատ օգտակար կլինի:

Այս տարվա աշնանը Երեւանում “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության հետ համատեղ կազմակերպվելու է համաժողով, որի թեման ընտրելու է հայկական կողմը: Հնարավոր է նաեւ Հայաստանում “Կասպերսկու լաբորատորիայի” ներկայացուցչության հիմնում:

- Հայաստանյան IT ընկերութունների ներկայացուցիչները հաճախ բողոքում են, որ բուհերի շրջանավարտները պատրաստի մասնագետներ չեն, եւ ընկերությունները ստիպված են լինում շատ ժամանակ եւ ռեսուրսներ ծախսել կադրերի նախապատրաստամ համար: Դուք համամի՞տ եք այդ հարցադրման հետ:

- Կարծում եմ` ոչ մի բուհ չի կարող այնպիսի մասնագետ պատրաստել, ով միանգամից կարող է գործի անցնել: Սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առանձնահատկությունը դրա արագ տեմպով զարգացումն է, որի ետեւից չի հասնում կրթական համակարգը:

Այնուամենայնիվ, այն կրթական հիմքը, որը տալիս է մեր համալսարանը եւ, մասնավորապես, իմ ֆակուլտետը, թույլ է տալիս տեղում արագ կողմնորոշվել:

- Ի՞նչ դեր կարող են ունենալ երիտասարդ մասնագետները ՀՀ IT զարգացման գործում:

- Երիտասարդ մասնագետները ոչ միայն կարող են, այլեւ հսկայական դեր են կատարում Հայաստանում IT զարգացման գործում: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են ոչ թե օրեցօր, այլ` ժամ առ ժամ, եւ ապագան հենց երիտասարդ մասնագետներինն է: Նրանք որոնող են, լի են գաղափարներով եւ խանդավառությամբ: Այդ հարցում անհրաժեշտ է միայն մի փոքր օգնություն պետության եւ ֆինանսական հաստատությունների կողմից` փորձ ձեռք բերելու եւ այն Հայաստանում գործնականում կիրառելու նպատակով ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին տարբեր համաժողովների ու սեմինարների մասնակցելու հնարավորություն ընձեռելու տեսքով:  

- Մեր գործակալությանը հետ հարցազրույցում ABBYY Software ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը վստահություն էր հայտնել, որ IT ոլորտում գաղափարների վերաարտադրման եւ հետագա առեւտրականացման համար որեւէ բուհ կամ բուհերի խումբ պետք է դառնա երիտասարդների ստեղծագործական աշխատանքի բյուրեղացման եւ կուտակման կենտրոն: “Խոսքն իրական կենդանի ինկուբատորի որոշակի ձեւի մասին է, որում կծնվեն առաջին հայացքից խենթ գաղափարներ, որոնք կարող են հետաքրքրել եւ ներգրավել վենչուրային կապիտալիստներին”,- նշել էր նա: Ի՞նչ եք կարծում` նման մոդելը Հայաստանում կարո՞ղ է կենսունակ լինել:

- Նման մոդելի օրինակ կարող է լինել Հայաստանում “Կասպերսկու լաբորատորիայի” ներկայացուցչությունը, որտեղ երիտասարդ մասնագետները կարող են մշակել տարբեր ծրագրեր եւ գաղափարներ կյանքի կոչել: Մեր երիտասարդ մասնագետները հսկայական ներուժ ունեն, որն անհրաժեշտ է կենտրոնացնել մեկ ուղղությամբ: Իսկ հայաստանյան լաբորատորիան կարող է դառնալ ՏՏ ոլորտում գաղափարների առաջացման յուրօրինակ կենտրոն: Անհրաժեշտ է միայն ստեղծել նորմալ պայմաններ եւ հնարավորություններ: