14:15 | 27.05.09 | Նորություններ | 3286

Telcell-ը չի սպասում վճարումների ծավալի կրճատում` VivaCell-MTC-ի “Լիցք” ծառայության ներդրման հետեւանքով

Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը չի կանխատեսում իր տերմինալային ցանցում վճարումների ծավալի կրճատում` VivaCell-MTC-ի կողմից “Լիցք” ծառայության ներդրման հետեւանքով:

Այդ մասին ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է Telcell-ի գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:

“Լիցքի” ներդրմամբ VivaCell-MTC-ը եւս մեկ քայլ կատարեց Հայաստանում էլեկտրոնային միկրովճարումների զարգացման ճանապարհին: Հիշեցնեմ, որ 2007թ. օգոստոսին, Telcell-ի հետ պայմանագրի հիման վրա, VivaCell-MTC-ը դարձավ Հայաստանում առաջին ընկերությունը, որն իր բաժանորդներին առաջարկեց վճարային տերմինալների միջոցով հաշիվները վերալիցքավորելու հնարավորություն: Տեխնոլոգիաների զարգացվածության մակարդակը թույլ է տալիս վճարումներ կատարել` ձեռքի տակ ունենալով սովորական բջջային հեռախոս: Կարծում եմ, սարերի ետեւում չէ այն օրը, երբ բջջային հեռախոսի օգնությամբ ցանկացած մթերային խանութի աշխատակից կարող է բնակիչներից ընդունել կոմունալ կամ ցանկացած այլ վճարումներ:

Ինչ վերաբերում է մեր վճարային համակարգի միջոցով կատարվող վճարումների ծավալների հնարավոր կրճատմանը, ապա վստահ եմ` դա տեղի չի ունենա: Չէ± որ տերմինալների միջոցով կարելի է վճարումներ կատարել ծառայությունների լայն փաթեթի դիմաց, եւ տերմինալներից օգտվողների թիվը մշտապես աճում է: “Լիցք” ծառայությունը մեծամասամբ այլընտրանք կդառնա սթրեչ-քարտերին եւ կնպաստի շուկայից վերջիններիս աստիճանական դուրսբերմանը”,- ասել է Արամ Ազատյանը: