14:39 | 26.05.09 | Նորություններ | 3248
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է “Մեդիամաքս”-ին հիմնադրման տասնամյակի կապակցությամբ:
“Շնորհավորում եմ Մեդիամաքս լրատվական գործակալության անձնակազմին գործակալության հիմնադրման տասնամյակի կապակցությամբ: Այս տասը տարիների ընթացքում Մեդիամաքսը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր բարձր պրոֆեսիոնալիզմը, անաչառությունը:
Մեդիամաքսը իրավամբ մեր երկրի արտաքին քաղաքականության ամենաուշադիր դիտարկողներից մեկն է: Արտերկրի մեր գործընկերները, շահագրգիռ քաղաքական-պետական շրջանակները, միջազգային կազմակերպությունները, փորձագիտական ու լրատվական հանրությունը նաեւ “Մեդիամաքսի” շարունակական ջանքերի շնորհիվ են տեղեկացվել մեր երկրի արտաքին քաղաքականության, առանձին հրատապ խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երեւանի մոտեցումների մասին:
Գործակալության ծավալած աշխատանքը նաեւ էապես օգնել է Երեւանին տեղեկացված լինելու մեզ հուզող հարցերի վերաբերյալ մեր գործընկերների մոտեցումների ու կարծիքների մասին: Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաեւ այն փաստը, որ թե’ Հայաստանում եւ թե’ արտերկրում մեծ հեղինակություն վայելող “Մեդիամաքսը” միշտ հավատարիմ է եղել ազնիվ լրագրության սկզբունքներին եւ նաեւ այդ ամենի արդյունքում դարձել ոչ միայն Հայաստանի, այլեւ մեր տարածաշրջանի ամենահաճախ մեջբերվող լրատվական գործակալություններից մեկը:
Հաջողություն եմ մաղթում “Մեդիամաքսի” աշխատակիցներին ու տնօրինությանը եւ ցանկանում եմ, որ գալիք տասնամյակի ընթացքում գործակալությունն ավելի ամրապնդի իր դիրքերը լրատվական դաշտում”, - ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
“Մեդիամաքսի” այցեքարտում շարունակաբար տեղ են գրավում հետաքրքիր նախագծեր, հայտարարել է ՀՀ վարչապետը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է “Մեդիամաքս”-ին հիմնադրման տասնամյակի կապակցությամբ:
“Շնորհավորում եմ “Մեդիամաքս” լրատվական գործակալության անձնակազմին 10-ամյա հոբելյանի կապակցությամբ: Կարճ ժամանակահատվածում դառնալով Հայաստանի ամենաճանաչված գործակալություններից մեկը, “Մեդիամաքսը” շարունակում է հավատարիմ մնալ անաչառ և հավաստի լրատվության սկզբունքին, հանրապետության և արտերկրի բաժանորդներին առաջարկելով որակյալ լրատվություն, ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսության ու բիզնեսի թեմաներով բազմակողմանի վերլուծություններ:
Ուրախ եմ, որ “Մեդիամաքսի” այցեքարտում շարունակաբար տեղ են գրավում հետաքրքիր նախագծեր, որոնց կայացման և մտահղացումների իրականացման գործում մաղթում եմ հաջողություններ և նոր ձեռքբերումներ”, - ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում: