12:56 | 25.05.09 | Նորություններ | 4149

“Մեդիամաքսը” Հայաստանում կներկայացնի ռուսաստանյան “Պրոգնոզ” IT-ընկերության Business Intelligence լուծումները

Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանյան “Պրոգնոզ” IT ընկերությունը եւ “Մեդիամաքս” լրատվական գործակալությունը համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

Համաձայնագրի շրջանակներում “Մեդիամաքսը” Հայաստանում իրականացնելու է “Պրոգնոզ” ընկերության պատրաստի ծրագրային ապրանքատեսակների առաջխաղացումը, ինչպես նաեւ ուսումնասիրելու է հայաստանյան պատվիրատուների համար նոր ապրանքատեսակների ստեղծման եւ դրանց ադապտացման հնարավորությունները:

“Պրոգնոզը” շուկայում գործում է 1991 թվականից եւ ներկայումս առաջատարի դիրք է զբաղեցնում տնտեսության եւ ֆինանսների ոլորտների գործընթացների  մոնիտորինգի, վերլուծության եւ կանխատեսումների համակարգերի ստեղծման  բնագավառում: Ընկերության հետազոտությունների հիմնական ուղղություններն են` մակրոտնտեսական վերլուծություն, տնտեսության առանձին հատվածների զարգացում, խոշոր ձեռնարկությունների եւ հոլդինգների գործունեություն, ֆինանսներ:

“Պրոգնոզի” հաճախորդների թվում են` ՌԴ նախագահի աշխատակազմը եւ ՌԴ Կառավարությունը, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Bayer, American Express, China Ocean Shipping Corporation, Oxford Economics ընկերությունները, բազմաթիվ այլ մասնավոր ու պետական կառույցներ:

IDC միջազգային վերլուծական եւ քոնսալթինգային ընկերության հաշվետվության համաձայն, “Պրոգնոզը” առաջատարն է Business Intelligence կարգի լուծումների ստեղծման ծառայությունների ռուսաստանյան շուկայում: “Պրոգնոզ” ընկերությունը Microsoft ընկերության հավաստագրված գործընկերն է, Oracle ընկերության բիզնես գործընկերը, IBM ընկերության գործընկերը: