15:46 | 20.05.09 | Նորություններ | 3966

“Վիվասել-ՄՏՍ”-ը կարծում է, որ Orange-ի մուտքը կակտիվացնի շուկան

Երեւան /Մեդիամաքս/. “Վիվասել-ՄՏՍ” ընկերությունը ողջունում է երրորդ օպերատորի սպասվող մուտքը բջջային կապի շուկա:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր հանդես գալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը` ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ երրորդ օպերատորի մուտքը կակտիվացի շուկան եւ դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա: Միաժամանակ, նա հայտարարել է, որ “Վիվասել-ՄՏՍ”-ը չի անհանգստանում մրցակցության ուժեղացման կապակցությամբ:

Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերությունը մտադիր է 2009 թվականին տեղադրել լրացուցիչ 100-150 բազային կայաններ` ի հավելումն գործող 850-ի:

Պատասխանելով ուսանողների հարցերին` ընկերության ղեկավարն ասել է, որ դեռեւս վաղ է խոսել “Վիվասել-ՄՏՍ”-ի ամբողջական ռեբրենդինգի մասին:

“Մեր բաժանորդները սովորել են Վիվասել ապրանքանիշին եւ կտրուկ անցումը ՄՏՍ-ի սխալ քայլ կլիներ, այդ պատճառով մենք որոշեցինք քոբրենդինգ անցկացնել”,- տեղեկացրել է Ռալֆ Յիրիկյանը: “Վաղ թե ուշ մեր բրենդը կդառնա “ՄՏՍ-Հայաստան”-ը, սակայն դա տեղի չի ունենա վաղը”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: