14:13 | 20.05.09 | Նորություններ | 3145

Ծրագրային «պիրատության» մակարդակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը

Երևան /Մեդիամաքս/. Ծրագրային «պիրատության» մակարդակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը, վկայում է IDC միջազգային ընկերության հետազոտությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, 2007թ. համեմատ նախորդ տարի Հայաստանում ծրագրային «պիրատության» մակարդակն իջել է 1 տոկոսով` կազմելով 92%:

110 երկրներում անցկացված հետազոտության համաձայն, ծրագրային «պիրատության» մակարդակով աշխարհի առաջատարներն են Վրաստանը (95%), Հայաստանը (92%), Բանգալդեշը (92%), Զիմբաբվեն (92%), Մոլդովան (90%), Ադրբեջանը (90%) եւ Շրի Լանկան (90%):

IDC-ի գնահատմամբ, աշխարհում ծրագրային «պիրատության» միջին մակարդակը 2008թ. արդյունքներով կազմել է 41%, ինչը 3%-ով գերազանցում է 2007թ. մակարդակը:

2008թ. աշնանը Microsoft-ի փոխնախագահ Վահե Թորոսյանը Երեւանում ասել էր, որ Հայաստանում Microsoft-ի ներկայության 2 տարվա ընթացքում այդ ցուցանիշը կրճատվել է մոտ 5%-ով, ինչը թույլ է տալիս հուսալ, որ առաջիկա 2 տարիներին այն կկրճատվի եւս 7-8%-ով: