13:22 | 20.05.09 | Նորություններ | 3235

Orange Armenia-ն շուկա կմտնի խոստացված ժամկետներում

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր բավարարել է ընկերությունը Orange Armenia անվանափոխելու մասին «ՖՏԱ-Տելեկոմի» հայտը:

Ինչպես այսօր հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, «ՖՏԱ-Տելեկոմ» անվանումը տեխնիկական բնույթ էր կրում եւ ընտրվել էր բջջային կապի երրորդ օպերատորի արտոնագրի մրցույթին մասնակցելու համար:

Բրունո Դյութուան տեղեկացրել է, որ Orange Armenia բջջային ցանցի կառուցման աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, եւ ընկերությունը շուկա կմտնի խոստացված ժամկետներում: Նա նշել է, որ ընկերությունը Հայաստանում ներդնելու է Orange-ի արժեքները, որոնք նախատեսում են սերտ փոխհարաբերություններ բաժանորդների հետ:

Մեկնաբանելով տարեսկզբին ՀԾԿՀ-ի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ հանձնաժողովը ուսումնասիրում է Հայաստանում MNP (Mobile Number Portability) ծառայության ներդրման հնարավորությունը, Բրունո Դյութուան ասել է, որ Orange Armenia-ն հետեւելու է կարգավորողի որոշմանը: Նա նշել է, որ MNP ծառայությունը մեծ ազատություն է տալիս բաժանորդներին, սակայն դրա ներդրման համար անհրաժեշտ է ապահովել բոլոր օպերատորների համապատասխան տեխնիկական պատրաստվածությունը: