14:54 | 13.05.09 | Նորություններ | 4270
Երեւան /Մեդիամաքս/. Հայ ուսանողուհի Նինա Ազիզյանի աշխատանքը պարգեւատրվել է ռուսական “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության կողմից:
Ինչպես այսօր Երեւանում ասել է ՀՀ Պետական Ճարտարագիտական համալսարանի /ՀՊՃՀ/ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ապրիլի 28-29-ը Մոսկվայում տեղի է ունեցել “Կասպերսկու լաբորատորիայի” կողմից կազմակերպված “Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը նոր սերնդի համար” միջազգային երիտասարդական մրցույթ-համաժողովը: ՀՊՃՀ համակարգչային համակարգերի եւ ինֆորմատիկայի բաժնի մագիստրատուրայի ուսանողուհի Նինա Ազիզյանի աշխատանքը պարգեւատրվել է առաջին աստիճանի երեք դիպլոմներից մեկով:
Նինա Ազիզյանի խոսքերով, մրցույթին ներկայացված “Կրիպտոգրաֆիայի համակարգը” աշխատանքի վրա աշխատել են շուրջ ՀՊՃՀ 20 ուսանողներ: Համակարգը մշակվել է 2 տարի առաջ եւ հաջողությամբ կիրառվում է ՀՊՃՀ “Տեղեկատվության անվտանգություն եւ ծրագրային ապահովում” ամբիոնի ուսումնական ծրագրերում:
Ինչպես նշել է “Տեղեկատվության անվտանգություն եւ ծրագրային ապահովում” ամբիոնի վարիչ Գեւորգ Մարգարովը, մրցույթի արդյունքներով “Կասպերսկու լաբորատորիայի” հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա աշնանը Հայաստանում “ՏՏ անվտանգություն” թեմայով սեմինար անցկացնելու մասին: Նա նշել է, որ “Կասպերսկու լաբորատորիայի” հետ համագործակության մասին պայմանագիր է նախապատրաստվում, որի շրջանակներում ՀՊՃՀ-ը իր կրթական գործընթացներում կկարողանա օգտագործել ընկերության մեթոդաբանական մշակումները, նյութերն ու ծրագրային համակարգերը:
Գեւորգ Մարգարովը հայտնել է նաեւ, որ ՀՊՃՀ ասպիրանտների աշխատանքները ներկայացվելու են 2009թ. հուլիսի 13-16-ը Լաս Վեգասում կայանալիք Համաշխարհային համակարգչային կոնգրեսում: