14:40 | 13.05.09 | Նորություններ | 4442

“Կոռնետ-ԱՄ”-ը եւ iCON Communications-ը ծրագրում են հեռախոսակապի ծառայություններ մատուցել մինչեւ այս տարեվերջ

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր “Արմինկո”, “Կոռնետ-ԱՄ” եւ iCON Communications ինտերնետ-պրովայդերներին տրամադրել է ազդանշանային կետերի միջազգային կոդեր (ISPC), ինչը ընկերություններին թույլ կտա մատուցել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, iCON Communications-ի գլխավոր տնօրեն Ադամ Կաբլանյանն այսօր ասել է, որ ընկերությունը սկսելու է ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մատուցել մինչեւ տարեվերջ: Միաժամանակ, նա նշել է, որ ընկերութան համար առաջնահերթ խնդիրը մնում է WiMAX ցանցի ինտերնետայիn ծածկույթի ապահովումը Երեւանի ողջ տարածքում:

“Կոռնետ-ԱՄ”-ի գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանն ասել է, որ ընկերությունը ծրագրում է ֆիքսված կապի ծառայություններ մատուցել սեպտեմբերից եւ փոխկապակցման մասին նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել “ԱրմենՏել” եւ “Վիվասել-ՄՏՍ” ընկերությունների հետ: Բորիս Դեմիրխանյանն ասել է, որ ՙԿոռնետ-ԱՄ՚-ը շեշտը դնելու է մարզերում, մասնավորապես, Սպիտակ քաղաքում ֆիքսված կապի զարգացման վրա: 

“Արմինկոյի” տեխնիկական տնօրեն Գրիգորի Սաղիյանը նշել է, որ “տեխնիկապես մենք պատրաստ ենք վաղը եւեթ հեռախոսային ծառայություններ մատուցել, սակայն մեզ չեն գոհացնում “ԱրմենՏելի” ներկայացրած սակագները”: